Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ամեն մի տուն մտած ժամանակ նրա գրպանը ծանրաբեռնվում էր նորանոր սև ու սպիտակ դրամներով։

Ահա նա կանգ առավ մի դռան առջև և ծեծեց։ Ներսից լսվում էր տղամարդկանց, կանանց և մանավանդ երեխաների խառն ձայների մի կատարյալ ժխոր, որի շնորհիվ ներսը երևի չլսեցին, թե դուռը ծեծում են։ Ժամկոչը մի քիչ սպասեց և նորից ծեծեց։

Դուռը բաց արեց մի երիտասարդ արխալուղով և արծաթե գոտիով։ Դեռ ներս չմտած՝ ժամկոչի և նրա թոռան երեսին ներսից տաք օդի այնպիսի մի խոնավ հոսանք խփեց, որ կարծես բաղնիսի դուռ բաց արին նրանց առջև։

Ժամկոչը թոռանն առաջ գցեց և ինքն էլ մտավ նրա հետևից։

Հին նահապետական մեծ սենյակ էր մեկ պատից մինչև մյուս պատը կապած երկայն ու լայն թախտով։ Թախտի վրա ձգված էր մի ծայրից մինչև մյուսը կապույտ սփռոց, որի վրա ներկարարը թափել էր իր արհեստի բոլոր հմտությունը.— սփռոցի կապույտ ֆոնի վրա սպիտակ ճամուկով նկարահանել էր ճաշին վայել բոլոր պարագաները— դանակ, պատառաքաղ, գդալ, աղաման, ձուկ և այլն, բայց հայտնի չէ, թե ինչու այդ բոլոր սազական բաների մեջ իր ճյուղավոր պոզերն էր ցցել և եղջերուն։ Սփռոցի վրա կար միմիայն ձկնեղեն, իսկ մսեղեն՝ ոչ. նավակատիկ էր։ Կերակուրների պսակը կազմում էր փլավը, որի բարձրացրած ախորժահոտ գոլորշին բռնել էր ամբողջ սենյակը։ Սփռոցի գլխին նստած էր ընտանիքի հայրն ու պապը— մի աշխույժ, ուրախ ծերունի, թրաշած երեսով և դեռևս սև մազերով։ Նրա աջ ու ձախ կողմը շարված էին հինգ-վեց երեխա տղա ու աղջիկ։ Սփռոցի մի ծայրին նստած էր մեծ մայրը, մյուս ծայրին երկու հարս, որոնցից մեկը համ ծիծ էր տալիս օրորոցի մեջ պառկած երեխային, համ հաց էր ուտում։ Այնուհետև թախտի երկայնքով մի երկայն նստարանի վրա իրար կողքի նստոտած էին չորս եղբայր՝ մեկը մյուսից թիկնավետ, կարմրաթուշ, ուտող-խմող, քեֆ սիրող։ Ամեն մեկի առջև մի-մի ափսե փլավ կար դրած գլուխը սարի պես վեր ցցած, իսկ տակը յուղը գուբ էր կապել։

«Ավետիս» ասողների մտնելուն պես սենյակում տիրող