Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նմանում էր ականատ ընկած մկան, որ շատ դես-դեն ընկնելուց և դունչը երկաթալար ցանցերին արնոտելուց հետո տեսնելով, որ ազատվելու հնար չկա, տապ է անում և աչքերը պլզած սպասում իր անխուսափելի վախճանին։

Իսկ այդ վախճանը մոտենում էր, սկզբում թեև դանդաղ ու երերուն, բայց հետզհետե ավելի ու ավելի արագ և հաստատուն քայլերով։

Ամենից առաջ քաղաքային դուման, բանկը, կլուբը, ակցիոներական ընկերությունները — այդ բոլորը հօդս ցնդեցին, ինչպես երազներ, և Դավիթ Ֆոմիչը զգաց իրեն ինչպես ջրից ցամաք նետված ձուկը։ Հետո աստիճանաբար եկան հօդս ցնդելու նրա անձնական սեփականությունները. նախ ազգայնացվեց սապոնի գործարանը, հետո՝ հյուրանոցը, հետո՝ մի տունը, հետո՝ երկրորդը, երրորդ տունը և ամենից վերջը հերթը հասավ այն տանը, ուր ապրում էր ինքը և մենք— բակի կենողներս։

Այս տան վրա նա պետք է որ ամենից ավելի դողալիս լիներ, որովհետև այստեղ իր բնակարանի միմիայն կահավորանքը մի ահագին հարստություն էր, որի գոնե մի մասը չէր կարողացել կամ չէր ուզեցել որևէ տեղ պարտկել։ Սենյակներից մեկի պատի մեջ պարտկել էր միայն տան մեջ ունեցած ամենաթանկագին մանր-մունր իրեղենները — ոսկեղենը և արծաթեղենը, որը ինչ-ինչ պատճառներով չէր կարողացել ընտանիքի հետ ճամփել արտասահման։ Այս բանը բացվեց նրա մահից հետո տան մեջ կատարված վերանորոգման ժամանակ։

Սապոնի գործարանը, հյուրանոցը, մյուս տները ազգայնացվելուց հետո ուզեց փրկել գեթ այս վերջին տունը և ուրիշ ճար չգտնելով՝ դիմեց գլուխը հողի մեջ թաղող ջայլամի «խորամանկության», դրա համար ամենից առաջ պոկեց իր շքադռան վրա փակցված երկաթե տախտակը, որի վրա ոսկե տառերով փորագրված էր իր անուն-ազգանունը. հետո քանդեց այդ դռան էլեկտրական զանգակի կոճակը, դուռն էլ պինդ փակեց և ներս ու դուրս էր անում բակի դռնից։ Դեպի փողոց նայող բոլոր պատուհանների տախտակե փեղկերը գիշեր-ցերեկ փակ էր պահում։ Արձակել էր տան բոլոր ծառայողներին։ Ցերեկը երբեք տանը չէր մնում. առավոտյան