Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձրացրեց և պառավական երերուն քայլերով դուրս գնաց, առանց մի խոսք արտասանելու։

Այն գնալն էր, որ գնաց, էլ երբեք ոտք չդրեց մեր տունը։

Երբ որդուս հանդիմանեցի իր վարմունքի համար, ասելով, որ ընկածին չեն ծեծում, նա երեսովս տվավ, թե ես հաշտվողական եմ, թե այդպիսիներին ոչ միայն պիտի ծեծել, այլև անխնա ոտի տակ տրորել, ճխլել միանգամայն, որ ընկած տեղից այլևս երբեք վեր չկենան։

— Այլապես, թե որ վեր կացան, հայրիկ, վա՛յ քեզ ու մեզ և նրանց, որոնք հազիվ են ազատվել նրանց ճիրաններից,— ավելացրեց նա։

Այս դեպքից հետո անցել է մի քանի ամիս։ Այս մի քանի ամսվա ընթացքում շատ քիչ էր պատահում, որ նույնիսկ բակում հանդիպեի Դավիթ Ֆոմիչին։ Հանդիպելիս էլ չտեսնելուն էր տալիս և անցնում գնում։ Շատ թունդ էր խռովել։

Մի օր, երբ ճաշին տուն դարձա, կինս ասաց, թե մի քանի ժամ առաջ Դավիթ Ֆոմիչին հանկարծ կաթված էր խփել և հենց նոր նրան հիվանդանոց են տարել շտապ օգնության կառքով։

Պատճառն անշուշտ եղել էր այդ օրվա թերթերում տպված գործակալության մի հեռագիրը Մոսկվայից, որ ես կարդացել էի դեռևս այդ առավոտ։ Հեռագիրը վերաբերում էր Պետքաղվարչության ձեռքն ընկած տեռորիստական-լրտեսական մի խմբի դատավարության։ Այդ խմբի մարդիկ, որոնք զանազան ժամանակներում կեղծ անցագրերով անցած են եղել սահմանը, ուղարկված են եղել արտասահմանյան ռուս մոնարխիստական մի կազմակերպության կողմից՝ տեռորներ կատարելու և լրտեսելու համար։ Դատվելուց հետո նրանք դատապարտվել էին սոցիալական պաշտպանության գերագույն միջոցի— գնդակահարության։ Հեռագրի մեջ մեկ առ մեկ հիշված էին գնդակահարվածների անուն֊ ազգանունները և ով լինելը։

Դրանց թվումն էր և Դավիթ Ֆոմիչի նախկին յունկեր տղան։

Այդ հեռագիրը պարունակող լրագրի համարը գտել էին Դավիթ Ֆոմիչի ձեռքին կաթված ստացած միջոցին։

Ճաշին մեր խոսակցության առարկան այդ դեպքն էր։