Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արևելյանը,— երբ դուք ևս ցանկանում եք այդ, ես ուրախությամբ կկատարեմ ձեր խնդիրքը։ Ցտեսություն։

— Հա՛, Սուրեն,— հանկարծ գոռաց նրա հետևից Գ. Զաքարյանը, երբ նա ուզում էր դուրս գնալ սենյակից,— դու չասացիր, թե որտեղ ես լինում դու այստեղ։

— «Grand Hòtel» հյուրանոց № 7։

— Շատ գեղեցիկ. գուցե մի անգամ մենք քեզ այցելում ենք։

— Երբ կամենաք։

Եվ նա դուրս գնաց սենյակից։ Նրա հետ դուրս գնացին և Գ. Զաքարյանն ու Տիգրանիկը։ Հետո, երբ Գ. Զաքարյանը մենակ դարձյալ ներս մտավ, նա տեսավ Եղիսաբեթին լուսամուտի առաջ։ Նա կանգնած էր անշարժ և մտածությամբ նայում էր դեպի դուրս։ Նրա դեմքն այլևս չէր կրում առաջվա ուրախ արտահայտությունը... կարծես Սուրեն Արևելյանի գնալուն պես նրանից մի բան, մի թանկագին բան պակասեց, որը քանի գնում, այնքան ավելի ու ավելի զգալի էր դառնում նրան...

Այնուհետև Սուրեն Արևելյանը գրեթե ամեն օր կամ ինքն էր այցելում Գ. Զաքարյանի ընտանիքին, կամ սրանք էին գնում նրա մոտ «Grand Hòtel» հյուրանոցը։ Երբեմն նրանք միասին գնում էին թատրոն կամ մի որևիցե զվարճության տեղ։ Այնպես որ երկու շաբաթից հետո նրանց միմյանց տեսնելը, միմյանց հետ քաղցր զրույց անելը անհրաժեշտ պայման էին դարձել։ Սուրեն Արևելյանը պահպանում էր նույն անտարբերությունն ու սառնասրտությունը, որոնք և մասամբ խանգարում էին տիկնոջը բոլորովին բացվելու նրա առաջ, ինչպես իրենց ամենամոտ բարեկամի առաջ։ Նա բոլորովին զարմացած մնացել էր նրա այդ օտարոտի բնավորության վերա։ Մի՞թե այդ մարդն իսկապես այն աստիճան անտարբեր ու սառնասիրտ է, որ մինչև անգամ այն սերտ բարեկամությունը, որ նա և յուր ամուսինը ցույց էին տալիս միշտ, չի կարող բացել նրա սիրտը... կամ մի՞թե նա բոլորովին զգայականություն չունի։ Ինչո՞ւ նա այնպես ուշ-ուշ է ծիծաղում. մինչև անգամ ժպտում, ինչո՞ւ նա այնպես քիչ է խոսում... բայց մի՞թե նա դաժան մարդ է։ Այս խոսքերի վերա նա նայում էր ուղղակի Սուրեն Արևելյանի աչքերին։—