Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անտանելի կրակին, որ երկրորդը պիտի ձգեր նրա սրտի մեջ... երկրորդի՞ն, բայց նա ամենապարզ կերպով զգում էր, որ առաջինը նրան մի վայրկյան անգամ հանգստություն չպիտի տար... Ո՜րպիսի անել դրություն... Սակայն, մարդս այն աստիճան անհեռատես է, հաստատակամությունն այն աստիճան թույլ արմատներ ունի ձգած նրա սրտի մեջ, որ նա ավելի շուտ անձնատուր է լինում ցանկությանը, կրքին, քան լսում ու հետևում յուր ներքին ձայնին։ Այդ միևնույնը պատահեցավ և տիկնոջ հետ. նա անձնատուր եղավ յուր սիրույն, որովհետև հասկացավ, զգաց վերջապես, որ կռվել այլևս անհնարին է։

«Թող այսուհետև ինչ որ ուզում է լինի, բայց ես զգում եմ, որ առանց նրան ինձ համար շատ դժվար է ապրել»...— վճռեց յուր մեջ մանկահասակ կինն և նույն րոպեին ժամացույցը զարկեց տասնևմեկն. իսկ նախասենյակում լսվեցավ զանգակի ձայնը։ Մանկահասակ կինն ամբողջ մարմնով ցնցվեց և աչքերը դարձրեց դեպի դռները։ Չանցավ երկու րոպե, դուռը բացվեցավ, և շեմքում երևաց Սուրեն Արևելյանն յուր մշտական լուրջ դեմքով։

Տեսնելով նրան, Եղիսաբեթը չկարողացավ իրեն զսպել, նա իսկույն վեր թռավ տեղից, գրեթե վազեց դեպի նա և, մեկնելով նրան յուր քնքուշ ձեռքը, կանչեց մի տեսակ ուրախ ձայնով.

— Պարոն Սուրեն Արևելյան... բարյավ ձեզ։

— Բարյավ ձեզ, տիկին,— ասաց յուր լուրջ ձայնով Սուրեն Արևելյանը, սեղմելով նրա ձեռքը,— ինչպե՞ս եք։

— Մենք բոլորս էլ ողջ և առողջ ենք... բայց դուք եք, որ այս ամբողջ մի շաբաթը մեզ բոլորովին մոռացաք... Քանի անգամ մենք եկանք հյուրանոցը ձեզ տեսնելու, բայց ոչ մի անգամ չկարողացանք ձեզ այնտեղ գտնել։

— Ցավում եմ, որ ես ձեզ այդքան անհանգստություն եմ պատճառել, տիկին. բայց և այնպես ես մեղավոր չեմ, որովհետև այս մի շաբաթն ես զբաղված էի ճանապարհի պատրաստությամբ։

Սուրեն Արևելյանի վերջին խոսքերը կայծակի ազդեցություն ունեցան տիկնոջ վերա։