Մահճակալի վերա արմունկները չոր տախտակին հենած և գլուխը ձեռքերի մեջ բռնած, նստել էր մոտ քսաներեք տարեկան մի երիտասարդ։ Չնայելով խիստ չքավորության, որ յուր հետքերը շատ պարզ կերպով թողել էր նրա վերա, նա տակավին պահպանել էր յուր առաջվա գեղեցկության մի նշանավոր մասը — աչքերը, որոնք այդ րոպեին խիստ մտածությամբ բևեռած էին առջևը դրված մի ինչ֊որ տետրակի վերա և որոնք պարզ կերպով արտահայտում էին նրա հաստատակամությունն ու խելքը։ Իսկ նրա լայն ճակատը, որի վերա դառնության կնճիռներ էին երևում, պսակված էր երկար և սև ետ սանրված մազերով։
Երկար ժամանակ և բոլորովին անշարժ՝ նա նստած էր նույն դրության մեջ։ Ինչպես երևում էր, նա նստել էր մի բան գրելու, բայց կամ չէր կարողանում մտքերը կարգավորել, կամ նրա միտքը թռել, դեգերում էր հեռավոր կամ մոտիկ տխուր անցյալի մեջ, որը, գուցե, այժմ անցնում էր նրա չռած աչքերի առաջով, ինչպես մի ֆանտաստիկական երևույթ, որը, երբեմն, մինչև անգամ ամբողջ ժամերով զբաղեցնում է մարդուս բոլոր ուշքն ու միտքը։ Մի խոսքով, նա գտնվում էր արթուն քնի մեջ, նա ոչ անձրևի շփշփոցն էր լսում և ոչ որոտի ականջ խլացնող թնդյունները։
Մինչդեռ նա գտնվում էր այդ դրության մեջ, ոք-մին կամաց բախեց դուռը. բայց նա այդ չլսեց։ Անցավ մի րոպե, դռան հարվածը կրկնվեցավ. նա դարձյալ չլսեց։ Բայց երրորդ անգամ, երբ արդեն առաջվանից ավելի պինդ բախեցին, նա բարձրացրեց գլուխը և նայեց սենյակի անկյուններից մեկին.
— «Դարձյալ մկները»,— շշնջաց նա և կրկին ընկղմեցավ յուր մտքերի մեջ։ Չորրորդ անգամ դուռը ծեծեցին և այս անգամ բավական պինդ. նա դարձյալ գլուխը բարձրացրեց և այս անգամ տեսավ, որ սխալվել է՝ թխկթխկոցը մկներին վերագրելով։
— Ո՞վ է,— կանչեց նա մի փոքր խռպոտ ձայնով։
Դրսից ոչ ոք չպատասխանեց, բայց դարձյալ ծեծեցին դուռը։
«Զարմանալի է,— մտածեց նա,— ո՞վ պիտի լինի այս կեսգիշերին ինձ մոտ եկողը»։
Նա վեր կացավ և ուզում էր գնալ դուռը բանալու, բայց