Աշնանային ցուրտ, բայց արև օրերից մինն էր։ Գետինը սաստիկ սառել էր։ Քաղաքի շրջակա սարերի վերա ձյունը սփռել էր յուր սպիտակ սավանը, տների կտուրները ծածկված էին եղյամով, որ՝ հալվելով միջօրեի արևի անզոր ճառագայթներից՝ կամաց֊կամաց ծլծլում էր երկայն խողովակներից ներքև— փողոցը, որտեղ և կազմում էր փոքրիկ լճակներ և կպչուն ցեխ։ Ծխնելույզներից դուրս էր գալիս վառարանների սև ծուխը, որ առավել ևս թանձրացնում էր քաղաքի վերա կանգնած փոշիանման մշուշը։
Թամամշյանի քարվանսարայի հարավային կողմը, որտեղ այժմ գտնվում էր դեպի Վերա և Միքայելյան կամուրջը տանող ձիաքարշ երկաթուղիների կայարանը, քարվանսարայի լայն սալահատակ մայթի վերա, ինչպես միշտ, նույնպես և այդ օրը խռնվում էր ամբոխըը։ Այդ ամբոխը, որ սովորաբար բաղկացած է լինում ամեն ազգի, դասակարգի և հասակի անգործ մարդկանց ներկայացուցիչներից, որոնց անողորմ բախտը կամ չէ ժպտում, կամ որոնք իրենց սեփական արմատացած ծուլության հալածանքների տակն են գտնվում— հավաքվում է այդտեղ մի կերպ սպանելու ձանձրացուցիչ օրը, մանավանդ աշնանային այդպիսի եղանակներին, երբ ուժասպառ արևը չէ զլանում յուր անզոր ճառագայթներով ջերմացնելու նրանց սառած և շատերի էլ հազիվ ծածկված անդամները։ Դուք այդտեղ կգտնեք ծառայությունից վռնդված կամ նոր պաշտոն փնտրող իմերել ծառաներ, որոնց խումբն ամենից բազմաթիվ է այդ անգործ ամբոխի մեջ. կգտնեք և՛