չէ, որոնցով այնքան հարուստ են Թիֆլիսի փողոցները։ Նա կլիներ ոչ ավելի, քան տասնևչորս տարեկան։ Նա գեղեցիկ էր, բայց որովհետև ցուրտը սաստիկ կապտացրել էր նրա նիհար դեմքը, այդ գեղեցկությունը, գոնե առաջին հայացքից, բնավ չէր նկատվում նրա վերա։
Նա դադարեց լաց լինելուց, երևի հասկանալով, որ այդ անօգուտ է և դրանով բոլորովին չի կարող շարժել իրեն շրջապատող այդ ծույլ, անգործ ամբոխի անզգա սիրտը և սկսեց նայել փողոցում դղրդալով անցնող կառքերին, որոնց մեջ նստած էին թանկագին մուշտակներում կոլոլված կամ հաստափոր և բարակափոր պարոններ, կամ նույնպես տաք հագնված և դեռ ծնկների վերա էլ թիկնաշոր գցած՝ քնքշատիպ տիկիններ, օրիորդներ ու երեխաներ...
Այդ միջոցին նրա առաջով ամառվա հին, յուղոտած վերարկուի մեջ կոլոլված մի մարդ էր անցնում։ Նրա մի տեսակ արագությամբ այս ու այն կողմը շարժվող սև աչքերից որոնք կարծես մեկին անդադար որոնում էին, և դաժան կերպարանքից իսկույն երևում էր, որ նա անպիտան, խորամանկ, անգութ և շատ բացասական հատկությունների տեր մարդ էր։ Նրա արծվի քիթը, արագաշարժ աչքերի սուր հայացքը և սաստիկ սև, գրեթե արաբական մազուտ դեմքը, մի տեսակ երկյուղ էին ազդում նայողի վերա։
Նրա հայացքն ընկավ պատանիի վերա և նա, հանկարծ կանգ առնելով, դեռ մի րոպե հեռվից սկսեց դիտել նրա դեմքը ճիշտ այնպես, ինչպես առյուծը դիտում է յուր որսը. հետո կամաց֊կամաց մոտեցավ նրան և կանգնեց նրա առաջ։ Նա յուր սուր հայացքը բնավ չէր հեռացնում նրա դեմքից և նայողը կասեր, թե յուր այդ աչքերով նա կամենում է ուտել այդ պատանուն։
— Ո՞ւմ տղան ես,— հանկարծ հարցրեց նա։
Նրա ձայնը գամփռ շան հաչոցի էր նմանում։ Պատանին նայեց նրա դեմքին և, ըստ երևույթին, սարսափեց նրա կերպարանքից։ Նրա դողը սաստկացավ, և նա այդ անկոչ բարեկամից քաշվեցավ մի կողմը։
— Հիմա՛ր, քեզ եմ ասում․ ո՞ւմ տղան ես,— հարցրեց նա դարձյալ, աշխատելով որքան կարելի է ձայնը մեղմացնել։