եկա ձեզ մոտ, որ դուք այդ գումարը կարող եք առնել․․․ ձեր հորից։
— Մե՛ր հորից,— կանչեց իսկույն Գարեգինը մի այնպիսի եղանակով, որ կարծես ասում էր՝ դրանից ավելի անկարելի բան չէ կարող լինել աշխարհիս երեսին։
— Այո՛, ձեր հորից, նա կտա, եթե նրան կամ գրավ առաջարկեք տունը, կամ տոկոս, մինչև որ վճարեմ այդ գումարը։
— Ի՞նչ․․․ կամ տունը գրավ առաջարկենք, կամ տոկո՞ս...
— Այո... ի՞նչ է որ։
— Երբ որ այդպես է, ավելի լավ կանես հենց հիմիկուց տունը պարտատերին տաս և քեզ համար հանգիստ նստես...
— Ինչ ես ասում, Գարեգին...
— Այո՜,— շարունակեց նույն եղանակով Գարեգինը,— այդպես թե՛ ավելի հանգիստ կլինես և թե ավելի աժան կպրծնես։
— Ես քեզ չեմ հասկանում...
— Շա՜տ հասկանալի է... Եղբայր, դու չե՞ս ճանաչում իմ հորը, դու չգիտե՞ս, թե ինչպիսի մարդ է նա... դու չե՞ս հասկանում, որ երեքհազարռուբլիանոց տունը հազար ռուբլի գրավ տալով նրան, միևնույն է, թե զրկվում ես այդ տնից, որովհետև, ախր, եղբայր, քո թշվառ ռոճիկով դու ե՞րբ պիտի վճարես ամբողջ հազար ռուբլին, որ տունդ թափես, հազար ռուբլին,— երևակայո՞ւմ ես... դեռ ո՞ւր մնաց, որ հայրս քեզ վճարման ժամանակամիջոց կնշանակե այն պայմանով, որ եթե մինչև այդ ժամանակամիջոց պարտքդ վճարեցիր, խո վճարեցիր, իսկ եթե ոչ— տունն իրենը լինի։ Թեկուզ հազար տարի նշանակե ժամանակամիջոց և եթե դու կաշվիցդ էլ դուրս գաս, դարձյալ չես կարող պարտքդ վճարել, չես կարող, ասում եմ... Իսկ եթե ուզում ես տոկոսով վերցնել— այդ ավելի վատ, որովհետև նա քեզ այնպիսի սոսկալի տոկոսներ կնշանակե, որ հազար ռուբլու տեղ երեք-չորս հազար կվճարես, բայց դարձյալ հազար ռուբլի պարտքդ կմնա յուր տեղն անշարժ... է՜, եղբայր, դու դեռ չես ճանաչում վաշխառուներին, իսկ իմ հայրս նրանց պարագլուխն է...