Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օլյան մի ինչ-որ կարճ, սպիտակ, թափանցիկ և ամբողջ կուրծքն ու ձեռքերը բաց հանդերձով, որ Դարիա Կիրիլովնան կարել էր տվել առանձնապես այդ օրվա համար, որպեսզի գոնե այդպիսով հափշտակեցնել տա Բարսեղին յուր տգեղ աղջկա վերա։ Եվ իրավ, որ Բարսեղն, ինչպե՞ս եղավ, հենց առաջին հայացքից հիացավ նրանից, իհարկե, երիտասարդական այն կրքով, ինչ կրքով որ կարող է հիանալ նրա չափ տղան մի գրեթե կիսամերկ, հասունացած, փարթամ աղջկանից, ինչքան էլ որ կուզե տգեղ լինի նա։ Նախագիծը լավ անցավ։ Այնուհետև Բարսեղը, աղա Գրիգոր Մոսեիչից թաքուն, սկսեց գրեթե ամեն օր այցելել յուր նոր բարեկամներին և հետզհետե սերտ կերպով կապվել նրանց հետ։ Դարիա Կիրիլովնայի ուրախությանը չափ չկար, իսկ Օլյան արդեն կանգնած էր Ոլիմպոսի վերա։ Նա Բարսեղի առաջ դուրս էր գալիս միշտ առաջին օրվա հանդերձով, որ վերջինս շատ հավանել էր։ Դարիա Կիրիլովնան մեծ մասամբ նրանց մենակ էր թողնում։ Օլյան թռչնիկի նման թռչկոտում էր Բարսեղի առաջ, երեխայի նման վազվզում էր, շինծու, բարակ, քնքուշ ձայնով երգում էր, աշխատելով որքան կարելի է մերկ, բայց չաղ պարանոցը գեղեցիկ կերպով ծռել և բերանը փոքրիկ ու կլորիկ կերպով բացել, ժպտում էր, ծիծաղում էր, կրկչում էր և հազար ու մի, իբրև թե, անմեղ չարություններ էր անում, մի րոպե անգամ չկասկածելով, որ այդ բոլորից և ոչ մեկը չէր սազում իրեն։ Վերջապես մի անգամ, այլևս չկարողանալով զսպել իրեն, նա ուղղակի ընկավ Բարսեղի գիրկը և հայտնեց նրան յուր բոցավառ սերը։ Բարսեղը խոսք տվեց նրա հետ ամուսնանալու, միայն եթե նրա մայրը կհամաձայներ։ Դարիա Կիրիլովնան սկզբում իրեն շատ զարմացած ձևացրեց, իբրև թե բոլորովին չէր սպասում այդ բանը և վերջը թեթև կերպով նախատելով Բարսեղին, որ նա խլում է յուր միակ, ամենասիրելի աղջիկը, տվեց յուր համաձայնությունը։ Սիրո՞ւմ էր արդյոք Բարսեղն Օլյային, ո՛վ գիտե... միայն նա քանի տեսնում էր այդ հասունացած, փարթամ օրիորդին յուր սպիտակ, թափանցիկ շորի մեջ բաց կրծքով և ձեռքնրով, նա անհուն ցանկություն էր զգում նրան տիրանալու։

Սակայն Դարիա Կիրիլովնան, որքան էլ հույսը կտրած ունենար ուրիշ փեսացուներ ունենալուց և որքան էլ բռնադատված