Այդ լուրը բոլորովին այն ազդեցությունը չունեցավ Բարսեղի վերա, ինչ որ, գուցե, երևակայում էր Սարգիսը:
Բարսեղը սկզբում շատ զարմացավ, հետո մթագնեց և առավել ես կիտելով հոնքերը ասաց խուլ ձայնով։
— Ի՞նչ մայր, ի՞նչ ես դուրս տալիս...
— Արևս վկա, ճիշտ եմ ասում, Վասիլի Պետրովիչ։ Ձեր մի քույրն էլ հետն է: Նրանք ապրում են հենց իմ հարևան տանը. ահա չորս-հինգ ամիս է, ինչ նրանք ապրում են այնտեղ, բայց ես չգիտեի— և ինչպե՞ս կարող էի գիտենալ, թե ովքեր են նրանք: Երեկ երեկոյան միայն հետաքրքրվեցի այդ բանով և հարցուփորձ անելով իմացա, որ նրանք ձեր մայրն ու քույրն են եղել... Երևակայեցեք զարմանքս... Մայրդ լաց լինելով պատմում էր, թե ինչպես մի օր առավոտյան դուք հանկարծ կորել եք, թե ինչպես նա իսկույն սկսել է փնտրել ձեզ ամեն տեղ, ոստիկանության իմացում է տվել, բայց ոչ մի տեղ ձեզ չեն կարողացել գտնել... Նա պատմում էր նույնպես, թե ինչպես երկար տանջվելուց հետո այլևս չէ կարողացել համբերել և յուր աղջիկների հետ մի կերպ եկել է այս քաղաքը, հույս ունենալով, որ ձեզ կգտնի այստեղ, որովհետև սկզբում դուք թախանձելիս եք եղել նրան, որ նա ձեզ թույլ տա այստեղ գալու, բայց նա համաձայնելիս չէ եղել, իսկ ձեր կորստից նա եզրակացրել է, որ դուք անպատճառ այստեղ կլինեք փախած... Պատմում էր նույնպես, որ այստեղ էլ երկար փնտրելով և չկարողանալով ձեզ գտնել, նա ամեն հույս կտրել է և այլևս չէ կարողացել վերադառնալ հայրենի քաղաքը, մանավանդ, որ այստեղ մեռել է ձեր երկու քույրերից մեկը... Նա այստեղ ապրում է լվացարարությամբ, և մինչև այժմ սաստիկ հիվանդ է եղել, նոր է առողջացել... Բայց որ իմանայիք, թե այդ ամենը պատմելիս խեղճն ինչպե՜ս էր լալիս...
— Բայց նրան դեռ խո չե՞ս ասել իմ մասին,— կարծես նոր ուշքի գալով, հանկարծ հարցրեց Բարսեղը, որ արդեն իմացավ, թե մի գիշեր Սարգսի խրճիթի պատի ծակից հարևան խրճիթում յուր տեսած հիվանդ կինն և նրա մոտ նստած աղջիկն յուր մայրն ու քույրն են եղել։
— Ոչ, այդ մասին ես ոչ մի խոսք չեմ արտասանել,—