Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եզը մոտենում էր: Գունաթափ և սաստիկ երկյուղով դու սեղմվեցիր ինձ: Ես կանգնեցի առաջդ, որպեսզի եզանը դիմադրեմ և պաշտպանեմ քեզ նրա հարվածից: Արյուն կտրած աչքերով՝ եզն ուղղակի ինձ վրա եկավ և կանգնեց մեր առաջ: Ես սարսափից ոչ կարողացա աղաղակել, ոչ շարժվել, միայն բնազդմամբ մի կողմ սեղմվեցի և ետևիցս երկու ձեռքով ամուր բռնեցի քեզ: Եզը կանգնեց, կանգնեց, նայեց, նայեց մեզ, հանկարծ փռնչացրեց, շուռ եկավ և, պոչը տատանելով, վազեց միևնույն ուղղությամբ: Մենք ազատվեցինք: Ես նայեցի դեմքիդ՝ և կարծես, այժմ էլ տեսնում եմ այդ դեմքը. սաստիկ գունաթափ, սարսափից չռած, անմիտ աչքերով, դու ամբողջ մարմնով դողում էիր, առանց թողնելու ինձ՝ շարունակ նայում էիր եզան ետևից, կարծես նա դարձյալ շուռ պիտի գար մեր կողմը և առաջվա նման պիտի մոտենար մեզ այս անգամ հարու տալու դիտավորությամբ: Բայց եզը շուռ եկավ մի ուրիշ փողոց և չքացավ մեր աչքերից: Տեսա, թե ինչպես դու ազատ շունչ քաշեցիր, լուռ նայեցիր ինձ, մի տեսակ օտարոտի, բայց շատ անշնորք կերպով ժպտացիր, կամ ավելի ճիշտ է ասել՝ ծամածռեցիր դեմքդ և հանկարծ լաց եղար: Թեև, իկարկե, ես չփրկեցի քեզ եզան հարվածից, բայց այդ րոպեին պատրաստ էի զոհ գնալու եզանը, միայն թե քեզ ազատած լինեի, չնայելով, որ սարսափն ինձ էլ էր կաշկանդել: Այնուհետև ինչպիսի՜ հպարտությամբ և հրճվանքով հիշում էի այդ անցքը. մտքումս մի անգամից տպավորվել էր, որ քեզ ազատողն ես էի...

Նա լռեց և մնաց անշարժ, անթարթ դեպի դուրս նայելով: Երևում էր, որ մանկական այդ հիշողությունն այդ րոպեին էլ քաղցր էր նրա համար, և նա չէր ուզում հեռացնել այդ հիշողությունն իր գլխից: Ես էլ չէի համարձակվում խանգարել նրա այդ քաղցր հիշողությունը: Իրավ, ի՜նչ սքանչելի ժամանակներ էին այդ...

Մանկության օրեր, երազի նման
Անցաք, գնացիք, այլ չեք դառնալու...

շշնջաց նա, կամաց հոգոց հանեց և նայեց ինձ:

— Գրիգո՛ր, ինչո՞ւ հիշեցրիր ինձ այդ անցքը,— հարցրի: