Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սպանեց էն խեղճին, սպանեց ծեծելով։ Դուռն էլ, տեսնում ես, քանի վախտ ա, չի բաց անում...

Ցականը հանգած չիբուխը թափ տվեց կռան վրա և, խրելով մեջքի կաշու գոտկի մեջ, առանց շտապելու, սակայն լայն քայլերով դիմեց դեպի Թորոսենց խրճիթի դուռը, որը դեռևս ծեծում էին կատաղի թափով։

— Դեսը մի, տեսնեմ,— ասաց նա։

Նրան իսկույն ճանապարհ տվին։

Իր ֆիզիկական ուժի վրա վստահ մարդու հանգստությամբ նա մոտեցավ, մի ձեռքը գցեց դռան տակը, ուր տախտակներից մեկի ծայրն անձրևներից փտել ընկել էր, մյուսով բռնեց երկաթի փականքից, բարձրացրեց և միանգամից դուռը կրնկահան ներս շպրտեց խրճիթը։

Նա մտավ և նրա հետևից ներս թափվեց ամբոխը։

Նրա աչքի առջև բացվեց հետևյալ տեսարանը. Մարթան ձեռքն ու ոտքը կապած կողքի վրա ընկած էր թախտի վրա. սպիտակ աղլուխն ընկել էր գլխից և դեմքը ծածկվել ցաքուցրիվ մազերի մեջ. այժմ այլևս չէր ճչում, չէր շարժվում, այլ միայն նվում էր ֆիզիկական ցավերից հոգնած։ Նրա մոտ կանգնած էր գրբաց Գրիգորը՝ մաթրախը ձեռին, քրտնքակոխ և հևալով: Դռան կրնկահան ընկնելը, և խրճիթն ամբոխով լցվելն, ըստ երևույթին, այնքան անսպասելի էր նրա համար, որ նա մի անգամից գունատվեց և տեղն ու տեղը մնաց քարացած։

Թորոսը հազիվ ոտները շարժելով մոտեցավ թախտին և, խոնարհվելով աղջկա վրա, շշնջաց աղեկտուր ձայնով.

— Բալա ջան, որդի ջան...

Օսանը և մի քանի ուրիշ կանայք, սիրտ առած Ցականի ներկայությունից, վրա թափվեցին և սկսեցին արձակել Մարթայի կապանքները, ասելով՝

— Վայ քո սիրտը չմեռնի, էս ոնց ա կալուկապ արել...

Ցականն իր երկայն ու մեկ հասակով ցցվեց վախից և շփոթմունքից տեղն ու տեղը ցամաքած Գրիգորի առջև։ Նրա աչքերը վառվում էին ներքին զսպած վրդովմունքից։

— Էս ի՞նչ ես արել,— ասաց նա, ցույց տալով Մարթային, որի ձայնը քանի գնում նվաղում էր։— Ըսենց ես լավացնո՞ւմ դու հիվանդներին։