Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բա որ աղոթքը կտրում չէր,— թոթովեց Գրիգորը։

— Ի՞նչ աղոթք։

— Սատանեքին քշելու աղոթքը։

— Ի՞նչ սատանեք, տո՛։ Ես էլ խո կնիկարմատ չեմ, որ ուզում ես խաբի։ Խո չե՞ս ուզում էս սըհաթին բուրդդ գզեմ։ Ըսենց անաստոձ բան կըլի՞, որ դու ես արել:

— Բա գժին լավացնելը ո՞նց ես ուզում։

— Հըմի, քո խելքով, սա գիժ ա ու դու խելոք, է՛լի։ Տո, քու խելքդ հրես էս չի՞. էնքան ծեծել ես, որ քիչ ա մնում մեռնի։ Աղոթք ու սատանեք ասում ա։ Տո անտեր-մունդռիկ, բա մի մարդավարի փեշակ չկա՞ր, որ գնացել ջադուբազ կնկա փեշակ ես բռնե՞լ։ Բա էլ ի՞նչ ես գդակ դնում գլխիդ, գնա լաչակ ծածկի, է՛լի։ Փո՛ւ, ես քո մարդ ասողին ինչ ասեմ: Որտեղից էլ մոգոնել ա, թե սատանեք են մտել փորը։ Մի հարցնող ըլի — ի՞նչ ա սատանեն, ո՞րտեղից ա մտել, ընչի՞ ա մտել։ Տո, թե սատանա ես ուզում, հրեդ տեղն ու տեղդ սատանա ես, էլի, որ սուտ-սուտ բաներով խալխին խաբում ես, փողերը ցնցլում, փորդ տռզացնում։

— Սուտ-սուտ բաներով, բա ի՞նչ,— վրա բերին մի քանի կանայք, սրտապնդված Ցականի համարձակ խոսքերից։

— Ինչքա՞ն ես առել, դրուստ ասա,— շարունակեց Ցականը.— էդ մաթրախը հլա մի դեսը տու...

Ու առանց սպասելու, որ գրբաց Գրիգորը ինքը տա, մաթրախը խլեց նրա ձեռքից և կրկնեց.

— Ասա, ինչքա՞ն ես առել։

— Քսան մանեթ, Ցական ջան, քսան մանեթ,— կանչեցին ձայներ։

— Հլա ասում էր քիչ ա,— ավելացրեց Օսանը, որ մյուս կանանց հետ դեռևս զբաղված էր Մարթայով։

— Հլա քիչ ա, հը՞,— աչքերը ոլորելով Գրիգորի վրա, գլուխը երերեց Ցականը։— Քսան մանեթ... Տո, ես սաղ օրը թրև եմ գալի քուչեքը, օրը մի ջուխտ չուստ եմ մաշում, շատ բղավելուց բողազս ցավում ա, թաբախից շլինքս փետացել ա, քիչ ա մնում կոտրվի, ու մի քսան շայի անջաղ եմ դատում, որ օղլուշաղս պահեմ,— դու քու սուտ աղոթքի ու գրի հմար քսան մանեթ ես առնո՞ւմ, էն էլ ո՞ւմից (Ցականը բռնեց Թորոսի թևից և առաջ քաշեց),— սրանի՞ց, էս նաչար