Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ լուսամուտի առաջ և եթե երբեմն պատահում է, որ մի որևէ ճանճ՝ ցրտից անզորացած՝ ման է գալիս ապակիների վրա, բռնում կամ գլուխն եմ կտրում, դեն գցում, կամ թևերն ու ոտները կտրատում ու թողնում, որ թավալգլոր գա այդպես անդամահատված, մինչև որ սատկի... Սրանից էլ լա՞վ զբաղմունք։ Ժամանակ չէ՞... թող անցնի, ուրիշ կերպ չանցնի, թող այսպես անցնի, ի՞նչ վնաս։ Վերջը խո մահ է...

Քո Ա. Ս.
ԻԲ
Թիֆլիս, 18 հոկտեմբերի 1881

Սիրելիս,

Իզուր ես ինձ երկար ու բարակ խրատներ կարդում. իզուր ես աշխատում ապացուցել ինձ, որ իմ այս խելքով, հասկացողությամբ ես չեմ կարող և չպետք է այսպես լինեմ, որ ես զոռով եմ այսպես անում և անարդարացի կերպով չարախոսում ինքս ինձ վրա։ Ես ինքս էլ այդպես եմ կարծում, բայց արի տես, որ անիծյալ իրականութլունը խելք և հասկացողություն չի պահանջում, այլ կյանքի համար պատրաստություն, իսկ հենց այդ բանն է, որ ես չունեմ, բայց թե ինչո՞ւ չունեմ— այդ ինքդ էլ շատ լավ կարող ես հասկանալ, եթե քրքրես անցյալս և դաստիարակությունս... Միանգամից համոզվիր, որ ես կյանքի համար մի կոպեկ, մի գրոշ չարժեմ։ Կրկնում եմ՝ ես անպատրաստ եմ, անպատրաստ— այս երբեք մի մոռանար։ Իսկ նոր պատրաստվել այժմ անհնարին է, ուշ է։ Ինչպես սկզբից հիմքը գցվել է, այնպես էլ պետք է գնա մինչև վերջը։ Եվ թող գնա։ Ես հրաշքներ չեմ սպասում և ոչ էլ ինքս կարող եմ հրաշքներ գործել։ Ես մի այլանդակ արարած եմ, որի բերանը հացը ծամած պիտի դնել... Որքա՜ն ատում եմ ինքս ինձ, որքա՜ն զզվում եմ ինքս ինձնից... Եթե հնար լիներ սոսկալի մեղապարտությունից խուսափելու...

Քո Աննա Սարոյան