Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հ. Գ. Նամակիս հետ ետ եմ ուղարկում ուղարկածդ քսան ռուբլին։ Անշուշտ հասկանում ես ինձ և չես նեղանալ, որ այդ փողերը չեմ ընդունում։

Ա. Ս.
ԺԹ
Թիֆլիս, 15 սեպտեմբերի 1881

Դարձյալ, դարձյալ ուղարկել ես և հետն էլ մի երկար հանդիմանություն։ Այո՛, այո՛, սիրելի Հռիփսիմե, համաձայն եմ քեզ հետ, որ ես շատ հպարտ եմ, շատ փոքրոգի և շատ հիմար, բայց... հավատա, որ ավելի մեծ բարերարություն արած կլինեիր ինձ, եթե այդ փողերը սկզբից չուղարկեիր։ Չես կարող երևակայել, թե ինչպես տանջվում եմ ես, երբ նայում եմ այդ փողերին... Այնուամենայնիվ, ընդունում եմ, բայց այն պայմանով— ուշադրություն դարձրու— այն պայմանով, որ այդ իմ պարտքս լինի և ես՝ այսօր թե էգուց, բայց մի ժամանակ՝ անպատճառ վերադարձնեմ քեզ։ Գրիր, որ այդ պայմանին համաձայն ես, ապա թե ոչ, դարձյալ ետ կուղարկեմ։ Մինչև գրելդ այդ փողերից մի կոպեկ անգամ չեմ ծախսի։

Քո Աննա Սարոյան
Ի
Թիֆլիս, 19 սեպտեմբերի 1881

Սիրելի Հռիփսիմե,

Շնորհակալ եմ։

Քո Աննա Սարոյան
ԻԱ
Թիֆլիս, 4 հոկտեմբերի 1881

Սիրելի Հռիփսիմե,

Ի՞նչ ես ուզում, որ գրեմ։ Թե ի՞նչպես եմ անցկացնում օրս։ Կզակս ափիս հենած՝ առավոտից մինչև երեկո նստած