մայրը կկանչեր նրան։ Այդպիսի դեպքերում Քալին դժգոհությամբ, շատ անգամ զսպած զայրացկոտությամբ, գիրքը կամ մատիտը շպրտում էր սեղանի վրա և դուրս գնում՝ մոր պատվերը կատարելու, բայց շատ չէր ուշանում, էլի մտնում էր, ինչպես միշտ, ժպիտը դեմքին։ Զարմանալի բարեսիրտ և հնազանդ աղջիկ էր. կդժգոհեր, կզայրանար, շատ անգամ բարկացած կաղաղակեր, կկատաղեր, բայց չէր անցնի մի րոպե և կտեսնեիր նորից ժպտում է, կարծես իսկի էլ բան չի պատահել։
Երկու ամսից հետո արդեն հայերեն գրքեր էի տալիս կարդալու, որ վարժվի։ Գիրքը կարդում վերջացնում էր շատ շուտով, այնպես որ մինչև անգամ կասկածում էի, թե առանց կարդալու է վերադարձնում, բայց ո՛րքան էր լինում զարմանքս, երբ սկսում էր մի առ մի պատմել բովանդակությունը։ Հարցնում էի, տանն այնքան գործ ունենալով, ե՞րբ է ժամանակ գտնում կարդալու, այն էլ այդպես շուտ։ Պատասխանում էր. «Գիշերներն եմ կարդում»։
Ինձ մոտ գտնվում էր «Վերք Հայաստանիի» հին հրատարակության մի օրինակը փալաս դարձած կարտոնի կազմով, հնացած, դեղնած թերթերով։ Նոր տարին մոտենում էր. չեմ իմանում ինչպես, խելքիս փչեց այդ գիրքը նվիրեմ Քալիին։ Եվ առանց երկար ու բարակ մտածելու գիրքը վերցրի տարա կազմարարի մոտ, պատվիրեցի, որ փալաս դարձած կազմը պոկի և մի փառավոր ոսկեզօծ կազմ շինի։ Նոր տարվա նախօրը ստացա հնամյա Աբովյանը պճնված, զարդարված նորահարսի պես, շապկի վրա ամենայն խնամքով գրեցի Քալիի անունը, ազգանունը, հետո իմը, իսկ տակը՝ օրը և տարեթիվը, և Նոր տարու առավոտը, երբ Քալին, ուրախ, զվարթ մտավ սենյակս Նոր տարին շնորհավորելու, գիրքը լուռ մեկնեցի իրեն:
— Կարդա՞մ,— հարցրեց։
— Կարդացեք և պահեցեք ձեզ մոտ:
Ըստ երևույթին, իսկույն գլխի չընկավ, թե ինչ էի ուզում ասել, հետո շփոթվեց, կարմրեց:
— Այս նվե՞ր է ինձ,— հարցրեց կամաց, աչքերը վայր թողած: