Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպե՞ս է սովորում Կոլյան, կարո՞ղ է քննություն բռնել և այլն։

Մեզանից բավական հեռու մի սեղանի շուրջ բոլորած էին մի խումբ երիտասարդներ, որոնք, ինչպես երևում էր նրանց կապույտ բլուզներից և կապույտ երիզավոր գլխարկներից, ուսանողներ էին։ Նրանք ինչ֊որ տաք վիճաբանության մեջ էին, և նրանց ձայները պարզորոշ լսվում էին հեռվից։ Նրանցից մեկը հանկարծ վեր կացավ, արագ քայլերով մոտեցավ մեզ և, դառնալով բժշկին, ասաց.

— Սաշա, մի րոպե. մենք այնտեղ լուրջ վիճաբանության մեջ ենք, քո կարծիքն անհրաժեշտ է։

Ու բժշկին վեր կացնելով տեղից, թևանցուկ տարավ իր հետ, նախապես ներողություն խնդրելով մեզանից։

Ես ու Քալին մնացինք մենակ։ Րոպեն հարմար համարելով, վճռեցի հենց այդտեղ ևեթ ստուգել նրա դեպի ինձ տածած զգացումը և մի անգամ առմիշտ վերջ տալ երկմտանքիս։ Ու առանց երկար ու բարակ մտածելու, մանավանդ որ վախենում էի, թե եղբայրը կարող է շուտով վերադառնալ և խանգարել, ուղղակի դիմեցի գործին։

— Օրիո՛րդ, ի՞նչ եք կարծում,— ասացի,— ինչո՞ւ չպատասխանեցի ձեր հարցումին, թե ինչու էլ չեմ գալիս ձեր տուն։

Ըստ երևույթին, զգաց, թե խոսքս ուր էր տանելու։

— Չգիտեմ,— ասաց նկատելի կերպով շփոթվելով։

— Ի՞նչ եք կարծում,— շարունակեցի ես,— որ գիտենաք, թե մի տեղ անկոչ և անցանկալի հյուր եք, կշարունակե՞ք գնալ այնտեղ։

Քալին զարմացած նայեց աչքերիս։

— Ո՞վ ասաց ձեզ, թե դուք անկոչ և անցանկալի հյուր եք մեր տանը։

— Ամենից առաջ ձեր հայրը։

— Ե՞րբ։

— Երբ որ քաղաքավարի կերպով առաջարկեց ինձ դատարկել իմ սենյակը։

— Ձեր սենյակը եղբայրս էր ուզում, որ իր համար հանգիստ տեղ ունենա պարապելու։