Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սիրտս։ Ու անձնասիրությունս պոչը ոտնակոխ եղած թունավոր օձի պես նորից ծառս ելավ իմ մեջ։

— Ես գիտեմ, որ ձեր մայրը և վերջերը ձեր հայրն էլ լավ աչքով չէին նայում ինձ,— կարճ լռությունից հետո ասացի ես կարելույն չափ հանգիստ.— բայց թե ո՞ր մեղքիս համար, այդ ես մինչև այժմ էլ չեմ կարողանում հասկանալ։ Գուցե դուք կարողանաք բացատրել։

— Ես էլ չեմ հասկանում,— ասաց նա կամաց, նորից գլուխը կախելով և, ըստ երևույթին, զղջալով, որ միամտորեն այդպիսի խոստովանություն արավ, որովհետև տեսավ, որ տրամադրությունս հանկարծ փոխվեց իր վերջին խոսքերից հետո։

— Ես միայն մի բան եմ ենթադրում և կարծում եմ, որ չեմ սխալվում,— շարունակեցի ես։— Ձեր ծնողներն, իհարկե, տեսնում էին, որ մենք շատ էինք մոտեցել իրար և երևի կարծում են եղել, թե այդպես որ շարունակվի, մի օր վեր կկենանք և կփախչենք իրար հետ, առանց իրենց կամքը հարցնելու։ Իհարկե, եթե ես մի խեղճ ու կրակ, մի անտուն-անտեր վարժապետ չլինեի, այլ մի հարուստ օջախի որդի, մի, ասենք, փաստաբան, մի բժիշկ, մի ինժեներ, տեխնիկ, կամ հենց թեկուզ մի տերտերացու, որ վաղը կարող է հարուստ ծուխերի տեր դառնալ, նրանք երկու ձեռքով կբռնեին փեշիցս, բայց որովհետև ես, ինչպես ասացի, մի խեղճ վարժապետից ավելի բան չեմ, ուստի արժանի չէի լինի իրենց փեսա լինելու։ Դուք ի՞նչ եք կարծում, այդպես չէ՞։

Քալին ոչինչ չպատասխանեց. գլուխը կախ, մատներով շարունակ ոլորում էր սփռոցի ծայրը և բաց թողնում։

— Բայց թողնենք ձեր ծնողներին,— շարունակեցի ես,— նրանք տգետ մարդիկ են, ուրիշ կարծիք չեն կարող ունենալ մի վարժապետի մասին, և ես ամենևին չեմ նեղանում նրանցից։ Թող ինչ ուզում են՝ կարծեն, նրանց կարծիքը ոչ մի նշանակություն չունի ինձ համար։ Ինձ հետաքրքրողն այս խնդրում ձեր կարծիքն է, վճռական դերը ձեզ է պատկանում, և դուք, իբրև կրթված աղջիկ, պետք է անկախ դիրք բռնեք, նույնիսկ հակառակ ձեր ծնողների կամքին, որովհետև այստեղ խնդիրը որքան ինձ, նույնքան և ձեզ, ձեր ամբողջ ապագա կյանքին է վերաբերում։ Ասելս այն է, որ...