Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/610

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դադարեց իսպառ: Կյանքն առավ ինձ իր հորձանուտ ալիքների մեջ և ժամանակը բերեց անխուսափելին — մոռացումը:

5

Այդ գիշեր երկար սպասում էի Թուսյանին, բայց նա չէր երևում։ Արդեն հոգնել էի պարապելուց, և քունս տանում էր։ «Ավարա մարդ է, կարող է չգալ» — վճռեցի ինքս ինձ և պատրաստվում էի պառկելու, երբ դռանս զանգակը հնչեց:

Ինքս գնացի դուռը բանալու, որ քնած ծառային նեղություն չտամ։ Բայց դուռը բանալուց հետո տեսա մարդ չկա: Դես նայեցի փողոցում, դեն նայեցի— ոչ ոք չէր երևում: «Կատակի ժամանա՞կ է գտել հիմարը» — մտածեցի ինքս ինձ, կարծելով թե իրեն հատուկ թեթևամտությամբ, զանգակը քաշելուց հետո, թաքնվել է մեր տան կողքին գտնվող նրբափողոցում։ Մի քանի րոպե սպասում էի այն ցրտին դռան շեմքին կանգնած — ոչ ոք չկար ու չկար։ Հետո մտածեցի, որ կարող էր մի օտար մարդ լինել, որն սխալմամբ քաշել էր դռան զանգակը և, տեսնելով որ սխալվել է, հեռացել էր. վերադարձա, հանվեցի և պառկեցի։ Բայց շուտով քնել չկարողացա, որովհետև ականջս շարունակ ձենի էր: Շուռումուռ էի գալիս անկողնումս, տանջվելով քնիս խանգարումից, և մտքումս հայհոյում Թուսյանին։

Չգիտեմ որքան ժամանակ էր անցել, և սպասողական դրության մեջ երևի թե արդեն քուն էի մտել, երբ գիշերային լռության մեջ մի թրխկոց հանկարծ զարթեցրեց ինձ։ Աչքերս բաց արի. տեսնեմ՝ Թուսյանն է։ Լամպը, որ նրա համար վառ էի թողել, վերցրել և դուրս էր տանում։

— Քնիր, քնիր,— ասաց,— ես ինքս կպատրաստեմ անկողինս։

— Դուռն ո՞վ բաց արեց,— հարցրի։

— Ծառան։ Տնաշեններ, այդպես էլ խոր քնել կլինի՞։ Քիչ էր մնում դուռը կոտրատեի։

— Հիմա ժամը քանի՞սն է։

— Երեքից անց կլինի։