Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/640

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ուրեմն չգիտե՞ս, որ իր նորածին մանուկը ինքն իր ձեռքով սպանել է։

— Ճի՞շտ,— գրեթե ճչաց Թուսյանը և կանգ առավ հանկարծ։— Ո՞վ ասաց քեզ այդ։

— Արի, արի, ես քեզ բոլորը կպատմեմ։

Ճանապարհին մինչև տուն հասնելը, մանրամասնորեն պատմեցի այդ օրվա Գարեգինի ինձ արած այցը, հետո իմ արած այցը Սառային և այն բոլոր խոսակցությունը, որ ունեցել էի նրանց հետ, իհարկե որոշ գունավորումով։ Օգտվելով այն հանգամանքից, որ Թուսյանը բնավ չէր ճանաչում Գարեգինին և իր կյանքում չէր էլ տեսել նրան, Սառայի ամուսնուն ներկայացրի ոչ թե իբրև անհիշաչար, թույլ ու անկամ մի երիտասարդի, որ իր սիրած կնոջ անցյալին ոչ մի նշանակություն չէր տալիս, այլ իբրև մի կատաղի մարդու, որ վրիժառությամբ լցված, շարունակ կրկնում է, թե չի հանգստանա, մինչև որ իր ախոյանին «շանսատակ» չանի։ Ես այդպես էլ ասացի և նկատեցի, որ Թուսյանի թուքը ցամաքեց. այնպես որ, երբ տուն հասանք, նա երկար ժամանակ նստած էր լուռ ու կաշկանդված, ըստ երևույթին չիմանալով ինչ ասի, ինչ անի:

Ծառային պատվիրեցի, որ վազի մի կառք կանչի, իսկ Թուսյանին ստիպեցի, որ շուտով տեղավորի իր իրեղենները, որպեսզի չուշանա գնացքից։

Լուռ վեր կացավ, դանդաղորեն, կարծես ակամա, հանեց հագի տոնական զգեստը, հագավ այն հնամաշ շորը, որով հյուր էր եկել ինձ մոտ, և նույն դանդաղկոտությամբ սկսեց տեղավորել ճամպրուկի մեջ, շարունակ խորասուզված ինքն իր մեջ, կարծես տատանվելով՝ գնա՞, թե չգնա։ Երբ տեղավորեց պրծավ, ճամպրուկը փակեց, թոկով կապկպեց, վեր կացավ նստեց և շարունակում էր մտածել կենտրոնացած հայացքը մի կետի հառած։

Բայց, ինչպես երևում էր, այդ միայն ժամանակավոր ընդարմացում էր, որ եկել տիրել էր նրան և բխում էր ոչ թե նրա խառնվածքից, որը բնավ վախկոտ չէր և օրգանապես անընդունակ տևականորեն խորանալու դրության մեջ, ինչքան էլ որ այդ դրությունը վտանգավոր լիներ — այլ հետևանք