Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/665

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեսին արդար ու մեղավոր չկա, չկա՛ քեզ ասում եմ, և մարդ ամեն բան, լավն էլ, վատն էլ անում է բնության թելադրանքով։

— Բավական է, մի անգամ ասացիր, իմացանք, իջիր ասում եմ, կընկնես,— ասացի ես և բռնեցի ձեռքից, որ իջեցնեմ, բայց նա ձեռքն այնպիսի կատաղի թափով ետ խլեց, որ այլևս չկարողացավ պահպանել հավասարակշռությունը, և նախքան ես վրա կընկնեի, որ բռնեի, երեսն ի վեր թրմփաց հատակի վրա։ Ծոծրակին ետ գցած գլխարկը թռավ մի անկյուն։

Հազիվ բարձրացրի և նստեցրի։ Գլուխը փալասի պես կախ ընկավ կրծքին: Լուռ էր։ Մեկ էլ տեսնեմ աչքերից արտասուքներ են կաթում։ Երկար ժամանակ լալիս էր այդպես լուռ։ Հետո թաշկինակը հանեց, աչքերը սրբեց և, առանց գլուխը բարձրացնելու, ասաց կամաց.

— Մի քիչ ջուր տուր։

Տվի։ Խմեց և կարծես թե մի քիչ զգաստացավ։ Ու դարձյալ երկար ժամանակ նստած էր լուռ, գլուխը մերթ վեր բարձրացնելով, մերթ ցած գցելով թուլացած, կարծես ննջում էր։ Հետո, սկսեց օձիքը քանդել և ձեռքով մոտ կանչեց ինձ։ Մոտեցա։ Գլուխը ետ գցեց և մատով ցույց տվեց կոկորդը։ Կոկորդի վրա հազիվ կես վերշոկաչափ մի կարմիր բարակ սպի կար, կարծես սուր դանակով կաշվի վրա մի թեթև գիծ էին քաշել առանց խորը կտրելու։

— Այդ ի՞նչ է։— հարցրի զարմացած։

Ծոցի գրպանները քրքրեց, հանեց մի ածելի պատյանի մեջ և տվեց ինձ։

— Առ պահիր,— ասաց,— էլ չտաս ինձ։

— Վա՛յ, թշվառակա՜ն,— ակամա դուրս թռավ բերանիցս։

— Այդ անցյալ օրն էր, որ դու այնտեղ, դռանը հայտնեցիր ինձ նրա մահը,— ասաց նույն հանգիստ ձայնով։— Իմ խելքով ուզեցի իբր թե հատուցում տալ, բայց հատուցումը դուրս եկավ այս ողորմելի գիծը, բրավադան էլ օդով լի մի փուչիկ։ Փուչիկը պատռվեց, օդը դուրս եկավ միջից