և վերջինս իսկույն առավ նրա ձեռքն և սկսեց համբուրել, նա հանկարծ որսաց նրա գաղտագողի հայացքը, որ այդպիսի ժամանակներում նա միշտ գցում էր նրա վրա։ Եվ պարոն Հարունյանը այդ մի հայացքից ամեն բան հասկացավ։— Ա՜, սա ուզում է իմ մեջ խանդոտություն զարթեցնել,— ասաց նա յուր մտքում և նրա սիրտն հանդարտվեց... Այժմ Պետրովը նրան այլևս այնպես զզվելի և ատելի չէր թվում, ինչպես առաջ։ Նա այլևս նշանակություն չէր տալիս իշխանուհու դեպի նա ունեցած վարմունքին։ Այնինչ տիկին Հարունյանին այդ դարձյալ կատաղեցնում էր։ Վերջապես նա չկարողացավ համբերել և թաքուն հարցրեց յուր վաղեմի ընկերուհուց, որ չլինի՞ թե նա արդեն սկսել է սիրել այդ աստիճանավորին։ Իշխանուհին միայն ծիծաղեց և ոչինչ չպատասխանեց։ Արմենակը նույնպես զարմացել էր իշխանուհու դեպի Պետրովն ունեցած վարմունքի վրա, բայց ոչ նա և ոչ տիկին Հարունյանը բնավ կասկածել չէին կարող, թե այդ իսկապես ի՛նչ է նշանակում։ Իշխանուհին նախորդ օրվանից ավելի լավ տրամադրության մեջ էր։ Ճաշից հետո մինչև անգամ նա առավ պարոն Հարունյանի թևն և խնդրեց յուր գեղեցիկ պարտեզում փոքր-ինչ զբոսնել։ Մյուսները հետևեցին նրանց։ Ահա՛ թե պարոն Հարունյանի դրությունը երբ վատացավ. ճաշին մի քանի բաժակ ավելի խմած լինելով՝ նրա ջղերը գրգռվել էին, իսկ այժմ, նրա թևն առած և նրա կողքին կպած՝ նրա հետ ման էր գալիս այն գեղեցիկ կինը, որին ինքը սիրում էր... Ամեն անգամ, երբ նրա ձեռքը շփվում էր իշխանուհու ողորկ, ատլասում սեղմված՝ կողքի հետ, նա չէր հասկանում, թե ի՛նչ է կատարվում յուր մեջ, միայն զգում էր, որ ամբողջ մարմնով դողում է։ Բայց այդ գոզալն այնքա՛ն ախորժելի էր... Իշխանուհին այդ տեսնում էր և առավել ևս կպչում էր նրա կողքին։ Պարոն Հարունյանի լեզուն, կարծես, կապվել էր. նա խոսել չէր կարողանում, խոսում էր միայն իշխանուհին... խոսում էր և ժպտում, և այդ ժպտի մեջ այնքա՛ն բան կարելի էր կարդալ...
Նրանք բոլոր ժամանակ առջևից էին գնում, իսկ մյուսներն— ետևից։ Պարոն Հարունյանն այդ ժամանակ հանկարծ ետ նայեց, և նրա աչքերը հանդիպեցան Պետրովի փոքրիկ աչքերին, որոնք այդ րոպեին վառվում էին ինչ-որ չար նենգությամբ