Քառորդ ժամից հետո Հարունյանը բարձրանում էր իշխանուհու դաստակերտի սանդուղքով։ Առաջին անգամ յուր ողջ կյանքի մեջ նրա սիրտը դողալով տրոփում էր, ինչպես տրոփում է այն աշակերտի սիրտը, որ գնում է հարցաքննության տալու։ Թե ուրիշ ի՛նչ էր կատարվում նրա ներսը— այդ նրա լուրջ դեմքը բնավ չէր բացահայտում։ Առանց իմացում տալու, նա ուղղակի մտավ իշխանուհու սենյակը։
Իշխանուհին մենակ նստած էր լուսամուտի առաջ և փորքիկ սեղանի վրա թափած կարմիր վարդերից փնջեր էր կազմում։ Նա այս անգամ հագած ուներ ձյունի նման սպիտակ, թեթև տնային հանդերձ, որ կրծքի վրա կողքից, կոհակների փոխարեն, կապվում էր կապույտ ժապավեններով։ Կորսետը չէր սեղմում նրա իրանը. որ, իրեն արձակ զգալով, արձակ հանդերձի մեջ երևան էր հանում յուր ինքնակերպ հրապուրիչ գեղեցկությունը։ Հանդերձի շատ սիրուն օձիքն այնքան լայն էր, որ բոլորովին ազատ թողնելով նրա երկար, գեղեցիկ, ճկուն վիզը հազիվ ծածկում էր նրա կլորիկ, փայլուն ուսերն և հասուն, առողջ մարմարանման կուրծքի վերին մասը, իսկ թևքերը լայն լինելով հանդերձ, այնքան կարճ էին, որ բոլորովին մերկ էին թողնում նրա սպիտակ ձեռքերի սպիտակ կանգունները։ Մազերն, ինչպես տանն եղած ժամանակ նա միշտ սովորություն ուներ, թողել էր բոլորովին արձակ։ Կատարելապես պսակելով սիրուն գլուխը, նրանք ծանր, խիտ ալիքներով, իջնում էին նրա ուսերի վրա և, խաղալով փոքրիկ ականջների հետ, ինչ-որ հրաապուրիչ, աղոտ ստվեր էին ձգում նրա պարանոցի վրա։ Ի՜նչքան գեղեցիկ, ի՜նչքան հրապուրիչ էր նա... Իրեն մի կողմը թողած նրա նստվածքի դիրքը, նրա հանդերձի յուրաքանչյուր ծալքը հրաշալի գեղեցկության մի ամբողջ պոեզիա էր շնչում։
Հարունյանն իշխանուհուն տակավին այդպես չէր տեսել։ Խորին հիացումը մի ակնթարթում պաշարեց նրան, նա մոռացավ ամեն ինչ. մոռացավ և այն, թե ինչո՛ւ համար էր եկել և դեռ մի րոպե, խորին հափշտակությամբ նայելով նրան, մնաց արձանացած դռների մոտ. նրան թվում էր, թե առաջին անգամն է տեսնում, որ յուր սիրտը գրավողն