պես զվարթ կյանք ներշնչող իշխանուհին է։ Հարունյանն այս անգամ նայում էր նրան և, իհարկե, սաստիկ զարմանում էր։ Մի՞թե այդ փոփոխության պատճառն ինքն էր, մի՞թե յուր խոսքերն այդ աստիճան կարողացան ազդել նրա վրա...
Իշխանուհին կամաց գլուխը բարձրացրեց և նայեց Հարունյանին մի տեսակ ջերմ հայացքով, որով նայում են միայն կանայք։
— Նստեցեք ավելի մոտ, Հարունյան,— ասաց նա։— Ահա այստեղ։— Նա ցույց տվեց իրեն մոտիկ տեղը։
Հարունյանն աթոռը տարավ և նստեց ցույց տված տեղը։ Այժմ նրանք այնքան մոտ էին նստած միմյանցից, որ, առանց առաջ գնալու, կարող էին ձեռք տալ միմյանց։
Իշխանուհին կրկին անգամ նայեց նրան յուր առաջվա ջերմ հայացքով և խոր հոգոց հանեց։
— Այո՛, մենք պետք է․․․ բաժանվենք միմյանցից, պարոն Հարունյան,— ասաց նա դողդոջուն ձայնով։— Թեպետ այդ դժվար է, շատ դժվար է— գո՛նե ինձ համար— բայց ի՛նչ էլ որ լինի, մենք դարձյալ պետք է․․․
Նա չկարողացավ վերջացնել, ձայնը բոլորովին դողաց, կարծես, կտրվեց, իսկ աչքերը լցվեցան արտասուքով։ Նա թեքվեց դեպի Հարունյանը, ձեռքերը դրեց նրա ձեռքերի վրա և, խորին վշտով նայելով նրա աչքերի մեջ, կանչեց աղեկտուր ձայնով։
— Ո՛չ, ես չե՛մ կարող, Հարունյա՛ն․․․ Ստեփաննո՛ս․․․ չե՜մ կարող... երկինքը վկա, չե՜մ կարող․․․ այդքան ուժ, այդքան հերոսություն չկա իմ մեջ․․․ ես կին եմ, Հարունյան․․․ Ստեփաննո՜ս․․․ ես կին եմ, մի թույլ արարած․․․ մի՞թե մի թույլ կնոջից կարելի է այդ պահանջել․․․ Պահանջեցե՛ք ինձնից ամեն բան․․․ մորթեցե՛ք ինձ, սպանեցե՛ք ինձ, բայց բաժանվե՜լ ձեզնից․․․ եթե դուք գիտենաք, թե ի՛նչպես ես սիրում եմ ձեզ․․․ եթե գիտենաք, թե այս րոպեիս դուք ի՛նչ եք ինձ համար... իմ ողջ կյանքիս մեջ առաջին անգամն է, որ ես սիրում եմ մի տղամարդի՝ ճշմարիտ սիրով, ինչպես կարող է սիրել կինը․․․ իմ տեսած բոլոր տղամարդիկների մեջ դուք առաջինն եք, որին ես նվիրել եմ իմ ամբողջ գոյությունս— և դուք այժմ պահանջում եք ինձանից, որ ես բաժանվե՜մ ձեզանից․․․ Բաժանվե՜լ․․․ մտածե՞լ եք արդյոք,