Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հարունյանը կողքից նայում էր նրան, և նրա սիրտն անասելի կերպով ճմլվում էր։ Ո՜րպիսի զանազանություն առաջին անգամ թատրոնում տեսած և այժմյան իշխանուհու մեջ։ Ի՞նչ զարմանալի, ի՛նչ անհավատալի փոփոխություն էր ստացել այդ կինը մի քանի օրում միայն։ Քայլվածքը, հայացքը, շարժումներն, ամեն ինչ ծանր, ամեն ինչ զգաստ, ամեն ինչ տխուր։

Երկար ժամանակ նրանք գնում էին լուռ։ Բայց նրանք չէին խոսում ո՛չ թե այն պատճառով, որ ոչինչ չունեին խոսելու, այլ այն պատճառով, որ վախենում էին. զգում էին, թե մի՛ գուցե ամեն մի արտասանած կամ լսած խոսքը ծանր հարված պատճառե իրենց սրտին։

Այդպես նրանք անցան մի քանի ճեմելիքներ։

— Նստենք այստեղ, Հարունյան,— վերջապես առաջինը խոսեց իշխանուհին և մոտենալով մի նստարանի՝ նստեց նրա վրա։

Հարունյանը մեքենայաբար հետևեց նրան և նստեց նրա կողքին։

Լռությունը շարունակվեց դարձյալ մի կարճ միջոց։ Իշխանուհին շարունակ նայում էր յուր առաջ։ Նա ցույց էր տալիս, թե ինքը հանգիստ է, բայց թախծալից դեմքն իսկույն մատնում էր, որ նրա ներսը մեծ ալեկոծություն է կատարվում։ Ըստ երևույթին, նա ջանք էր անում խոսել, բայց բառերը չէին հպատակում իրեն։ Վերջապես նրա դժգույն շրթունքները բացվեցին և, առանց աչքերը հեռացնելու գետնից, նա անսպասելի հանգստությամբ կարողացավ արատասանել հետևյալ տեղ֊տեղ ընդհատված նախադասությունը.

— Ես․․․ վճռեցի, որ մենք պետք է․․․ բաժանվենք միմյանցից․․․

Հարունյանի դեմքը մի ակնթարթում մեռելի գույն ստացավ։ Այդպես են լինում նրանք, որոնք լսում են իրենց մահու վճիռը։ Նա անզգայարար թեքվեց դեպի իշխանուհու դեմքն և կամաց առավ նրա ձեռքը. այդ ձեռքը սառն էր, որպես ձյուն։

— Սո՛ֆիա․․․— շշնջաց նա մեղմ, քնքուշ, դողդոջուն ձայնով, որի մեջ պարզորեն լսվում էր նրա սրտի բոլոր տանջանքը։