— Պետերբուրգ։
— Ուրեմն այլևս չե՞ս գա այս կողմերը...
Իշխանուհին մի թռուցիկ, անզգա հայացք ձգեց Հարունյանի վրա։
— Ոչ,— պատասխանեց նա։
— Սո՛ֆիա, ի՞նչպես թե ոչ,— աղաղակեց իսկույն տիկին Հարունյանն, առնելով նրա ձեռքերն և անհուն սիրով, անհուն կարեկցությամբ նայելով նրա աչքերին։— Ի՞նչպես թե ոչ... Մի՞թե մեզ համար հեշտ կլինի, որ ապրենք միմյանցից հեռու, որ այլևս չտեսնենք միմյանց...
Իշխանուհին ամեն կերպ աշխատեց զսպել իրեն, որպեսզի հոգոց չհանե։ Բայց նրա մինչև այժմ անզգա դեմքն ընդունեց խորին վշտի և հուսահատության արտահայտություն, իսկ աչքերը լցվեցան արտասուքով։
— Այո՛, Նունե,— պատասխանեց նա կամաց, դողդոջուն ձայնով,— դժվա՜ր կլինի, շա՜տ դժվար, բայց... տեսնում ես դրությունս... ճանաչո՞ւմ ես ինձ... այս ի՞նչ եմ դառել ես... Եվ մի՞թե կուզեիր, որ այստեղ մնալով՝ ես ավելի վատթար դրության մեջ ընկնեի... Կհեռանամ, լավ կդառնամ և, ո՞վ դիտե, գուցե դարձյալ կգամ այս կողմերը... կամ դուք կգաք այն կողմերը...
— Այո՛, այո՛, Սոֆիա, անշուշտ մենք դարձյալ կտեսնվենք, անշուշտ կտեսնվենք... բայց, իհարկե, մինչև այդ ժամանակը մենք հաճախ նամակագրություն կունենանք, այնպես չէ՞, Սոֆիա։
Իշխանուհին առաջվա նման դարձյալ մի թռուցիկ հայացք ձգեց Հարունյանի վրա։
— Իհարկե,— պատասխանեց նա։
— Բայց էգուց ո՞ր ժամին ես հեռանալու։
— Առավոտյան ժամի իննին կամ տասին։
Մինչև տուն գնալը՝ Հարունյանը գրեթե լուռ էր, խոսում էր միայն այն ժամանակ, երբ կնոջ առաջարկած մի որևիցե հարցին պետք էր պատասխանել, բայց նա պատասխանում էր շատ կարճ, ակամայից, կարծես ինքն էլ չէր հասկանում, թե ի՞նչ է ասում։ Կինն առաջվա նման զարմացած և զննող, փորձող հայացքով դարձյալ մերթ նայում էր նրան, մերթ իշխանուհուն։ Վերջինիս հետ խոսելիս՝ նա խոսում էր մերթ սաստիկ սիրով, սաստիկ կարեկցությամբ, ուզում էր գրկել