լինելով, հենց նոր էր վերադառնում։ Նա ուղղակի փաթաթվեց մոր ծնկներին։ Մայրը խոնարհվեց, երկու ձեռքով բարձրացրեց նրա գլուխը և պինդ համբուրեց նրա վիզը, ծնոտի տակ, որտեղ միշտ սիրում էր համբուրել։
— Պ․ Զազունյանը եկել է, Արամիկ,— ասաց նա կամացուկ.— գիտե՞ս, այն պարոնը, որի հետ պապան այսօր ծանոթացրեց մեզ այգում։ Գնա և բարևիր։
— Նա մեր բարեկամն է, չէ՞, մամա,— հարցրեց Արամիկը։
— Այո, մեր... պապայի բարեկամն է,— պատասխանեց մայրը, նրա մազերն ուղղելով։— Գնա։ Բայց, տես, ներս չվազես, խելոք մտիր։
Արամիկը գնաց դեպի հյուրասենյակ, իսկ էմման՝ դեպի դուրս։ Նրա դեմքն արևի նման պայծառ էր։
Չորս օր շարունակ Զազունյանը չերևաց։ Էմման տխուր էր, ինքն էլ չգիտեր ինչու։ Մենակ նստած ժամանակ՝ տան գործերով զբաղվելիս կամ գիրք կարդալիս նրա մտքերն ակամա դառնում էին դեպի Զազունյանը։
«Չէ, շատ տարօրինակ մարդ է», մտածում էր նա։ «Մեկ շատ խորհրդավոր է երևում, մեկ՝ շատ պարզ... չես իմանում, ինչպիսի մարդ է իսկապես։ Այնինչ Զաքարն ասում է՝ ազնիվ, խելոք և... սուրբ մարդ է, սուրբը ո՞րն է... ցիլինդրով էլ սուրբ կլինի՞», ծիծաղում էր նա։ «Բայց ես շատ եմ սիրում, որ ժպտում կամ ծիծաղում է... Մանավանդ նստելը, նստելը... ի՜նչ գեղեցիկ նստում է շիփ֊շիտակ, երբեք ետ չի ընկնում աթոռի մեջքին, իսկ ձեռքերն ի՜նչպես հանգիստ, ազատ է պահում ...»։
— Արամի՛կ,— հանկարծ կանչում էր նա, նայելով դռան կողմը։— Արա՛մ․.. Մա՛շա...
Ոչ Արամիկ էր հայտնվում, ո՛չ Մաշա։
— Արամի՛կ... Մա՛շա... Մաշա,— նորից կանչում էր նա։
Մտնում էր ռուս աղախինը։
— Ո՞ւր է Արամիկը։
— Երեխաների հետ խաղում է բակում, տիկին, կանչե՞մ։