մարդու հետ, իր պատվին նախանձախնդիր զինվորականի հետ։ Խնդրեմ նստեցեք։
— Խնդրեմ, ճանապարհ տվեք:
— Խնդրեմ նստեցեք:
— Խնդրեմ ճանապարհ տվեք։
— Դուք թույլ չե՞ք տալիս, որ ես պաշտպանեմ իմ իրավունքներս և զինվորականի պատիվս,— մռայլ կերպով հարցրեց Զագորսկին։
— Եթե բանն այդտեղ ընկնի, ինձ ավելի է պատկանում պաշտպանել իմ իրավունքներս և պատիվս,— առավել ևս մռայլ կերպով պատասխանեց Զազունյանը։
Զագորսկին ժպտաց;
— Տեսնո՞ւմ եք, մենք չենք հասկանում միմյանց մեղմությամբ ասաց նա։— Գոնե դուք չեք հասկանում ինձ... Եվ այդ պատճառով ես դարձյալ խնդրում եմ ձեզ, որ շնորհ անեք նստել և լսել ինձ։ Համեցեք։ Ես կարճ կկտրեմ։
Ճար չկար. Զազունյանը նստեց և դեմքը շրջեց նրանից։ Նա վճռեց, որ ինչ էլ ասի Զագորսկին, բոլորն անտարբերությամբ լսի։
— Դարձյա՞լ թույլ չեք տա ինձ նստել ձեր սեղանի մոտ,— հարցրեց ժպտալով Զագորսկին։
— Ինչպես կամենում եք,— սառնությամբ պատասխանեց Զազունյանը։
Զագորսկին մոտ քաշեց մի աթոռ, նստեց և, ձեռքը մի քանի անգամ անցկացնելով կարճ մազերի վրայով, ծանր շունչ քաշեց։
— Որպեսզի ինձ հասկանաք,— ասաց նա առաջվանից ավելի խանձված ձայնով,— դուք առժամանակ իրերի և երևույթների վրա պետք է նայեք այնպես, ինչպես ես եմ նայում, այսինքն՝ անհատական իրավունքների և համոզմունքների տեսակետից։ Չգիտեմ, դուք հասկանո՞ւմ եք ինձ թե ոչ...
Նրա ձայնը բոլորովին խանձվեց։ Նա ծափահարեց և մի շիշ զելտերյան ջուր պահանջեց։