Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անել ձեր ընթրիքը, միայն խնդրում եմ, որ բարեհաճեք ինձ լսել։

Զազունյանն այլևս չկարողացավ համբերել, նա վերկացավ և ուզում էր հեռանալ։

— Դուք գնո՞ւմ եք,— կանչեց Զագորսկին և կանգնեց նրա առջև։— Ես ձեզ չեմ թողնի,— մինչև որ չլսեք ինձ։

— Ի՞նչ եք ուզում ինձնից,— բավական կոպիտ կերպով հարցրեց Զազունյանը։

— Ես ձեզնից ոչինչ չեմ ուզում,— պատասխանեց Զագորսկին,— միայն խնդրում եմ, որ բարեհաճեք նստել և լսել ինձ, որովհետև, կրկնում եմ, դուք պարտավոր եք ինձ լսել։

— Ես պարտավոր չեմ և չեմ կարող լսել զանազան դատարկաբանություններ, որոնք գինու շոգիի արդյունք կարող են լինել։

— Սխալվում եք, ազնի՛վ պարոն,— խստությամբ նկատեց Զագորսկին.— ես կարծում եմ, որ դուք անմիտ, երեխայական ատելությունից ավելի արբած եք, քան թե ես— գինուց։ Խնդրեմ նստեցեք և լսեցեք ինձ։

— Ես չեմ ուզում ձեզ լսել։

— Դուք պարտավո՛ր եք ինձ լսել։

— Ես ոչ ոքի ոչինչ պարտավոր չեմ։

— Ինձ պարտավոր եք․․․ Խնդրեմ նստեցեք։ Ես պետք է պաշտպանեմ իմ իրավունքները։

— Դուք ինձ ծաղրո՞ւմ եք,— կանչեց կատաղած Զազունյան։

— Ձեզ զարմանալի՞ է թվում, որ ես ձեզանից իրավունքներ եմ պահանջում,— ասաց Զագորսկին։— Դարձյալ ասում եմ. դուք իմ անհատական իրավունքներս ոտնակոխ եք արել, դուք իմ պատիվս ձգել եք նրանով, որ ինձ վրա վատ և սխալ գաղափար եք կազմել։ Ես ուզում եմ պաշտպանել ինձ։

Զազունյանը բոլորովին զարմացավ։

— Չգիտեմ, ճշմարիտ, թե ես այժմ ում հետ գործ ունեմ,— ասաց նա ուսերը վեր քաշելով։

— Մի վախենաք, դուք խելագարի հետ չունիք գործ,— դարձյալ խստությամբ նկատեց Զագորսկին․— այլ գործ ունեք թեև արբած, բայց կատարելապես խելքը գլխին և ազնիվ