Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էմման մի հուսահատական շարժում գործեց։

— Ո՞ւր գնամ,— ասաց նա։— Չէ՞ որ ես այստեղ դրախտումն եմ։ Ահա այստեղ ինձ համար խելոք կնստեմ, ոչ կխոսեմ, ոչ ձայն կհանեմ, ոչինչ չեմ անի... միայն թող որ նայեմ քեզ։

— Իմ սիրույս համար, Էմմա...

Այն աստիճան տանջանքով և աղերսանքով էին արտասանված այդ բառերը, որ Էմման այլևս չկարողացավ հակառակել։ Նա միայն նախ լուռ ու անթարթ նայեց Զազունյանի աչքերին, հետո կամաց շուռ եկավ և կամաց գնաց դեպի դուռը։ Դռան մոտ նա հանկարծ կանգ առավ և ճակատը սեղմեց դռանը։

— Ախ, չե՜մ կարող, չե՜մ կարող,— սաստիկ հուսահատությամբ կանչեց նա։

— Իմ սիրույս համար, Է՛մմա,— կրկնեց Զազունյանը։

— Գոնե երդվիր, որ չես գնա։

— Մի՞թե ինձ չես հավատում, Էմմա։

Էմման դուրս վազեց։

Մոտ քառորդ ժամ Զազունյանի կանգնած էր արձանացած՝ աչքերը դռանը հառած։ Ի՞նչ էր զգում և ի՞նչ էր մտածում նա... Հանկարծ նա մտածեց, որ կեսգիշերից անց է, որ Էմման ամենայն հավանականությամբ մենակ էր եկել, որ փողոցներում հազար ու մի կասկածավոր մարդիկ են շրջում, որ...

Խենթի նման վեր թռավ տեղից, հենց այնպես գլխաբաց դուրս վազեց փողոց և նայեց այս ու այն կողմը։— Ո՞վ կար կամ այն մթության մեջ ո՞վ պետք է երևար։ Նա վազեց Մարկոսյանների տան կողմը։ Ճանապարհին ոչ մի մարդ չպատահեց։ Նա հասավ Մարկոսյանների տանը, նայեց դռանը,— փակ էր, նայեց բարձր լուսամուտներին— ճրագի լույս չկար։ Երկար ժամանակ չէր իմանում՝ հեռանա՞, թե մնա. արդյոք Էմման հասե՞լ է տուն և նե՞րս է մտել, թե դեռ ճանապարհին է... արդյոք ճանապարհին մարդի՞կ պատահեցին, արդյոք... սաստիկ երկյուղն ու հուսահատությունը պաշարեցին նրան, միևնույն ժամանակ նա սաստիկ կատաղեց իր դեմ, որ այդ կեսգիշերին Էմմային մեն-մենակ ճանապարհ ձգեց։