Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանչեց նա։— Ցույց տուր ինձ մի ճանապարհ, ուղիղ ճանապարհ այս սարսափելի քաոսից դուրս գալու համար։

— Ես ոչ մի ճանապարհ չգիտեմ... ես միայն այն գիտեմ, որ դու ինձ տանջում ես, սոսկալի կերպով տանջում ես...

Եվ Էմման դեմքը ձեռքերով ծածկած՝ խոնարհվեց ծնկների վրա․ հեկեկանքից նրա ամբողջ մարմինը վեր ու վեր էր թռչում։

Զազունյանը զգաց, որ մի բան իր սրտից հանկարծ վեր նետվեց և սկսեց խեղդել կոկորդը։ Նա ամուր սեղմեց շրթունքները և մի րոպե ոչինչ չկարողացավ արտասանել։

— Էմմա, մի՞թե չես կարող մեր դրության վրա փոքր֊ինչ զգաստ հայացքով նայել,— ըստ երևույթին, շատ հանգիստ ձայնով վերջապես ասաց նա։— Մի՞թե դու չես հավատում, որ մեզպեսների համար երկնային պատուհաս կա։

Էմման հանկարծ նստեց ուղիղ և արտասվալից աչքերն ու դողդոջուն ձեռքերը վերև տարածեց։

— Օ՜, երկինք, տո՛ւր ինձ այդ պատուհասը, եթե ես մեղավոր եմ,— բացականչեց նա։— Ես ամենայն հպատակությամբ կտանեմ այդ պատուհասը, եթե միայն դրանով մեղքս քաված կլինեմ։ Բայց աստված, դու գիտես, որ ես մեղավոր չեմ։

Զազունյանն անշարժ կանգնած՝ հոնքերի տակից նախ մռայլ հայացքով նայեց նրա տանջված, արտասվալից աչքերին և, կարծես սաստիկ հոգնած, նստեց աթոռի վրա․ նա այլևս ոչ մի խոսք չգտավ ասելու։

Հանկարծ Էմման վեր թռավ տեղից, վազեց դեպի նա և չոքեց նրա առջև։

— Արսեն,— կանչեց նա անհուն, հուսահատ սիրով գրկելով նրա մեջքը։— Եթե դու ինձ ու քեզ իսկապես մեղավոր ես համարում և հավատում ես, որ դրա համար երկինքը մեզ պատուհաս կուղարկե, մի վախենար այդ պատուհասից։ Ես ամենայն պատրաստակամությամբ քեզ համար իմ գլուխս կխոնարհեմ այդ պատուհասի առջև, արա նույնը և դու ինձ համար։ Մի՞թե այդ պատուհասի փոխարեն ես չեմ կարող քեզ գեթ մի չնչին երջանկություն տալ, որ ամեն բանից թանկ չլինի քեզ համար։ Ես կին եմ, Արսեն, մի թույլ,