գալիս ինչ-որ խեղդող մի բանից, ուրախական աղաղակով դուրս թռչում զանգակատան կաթողիկեի նեղ կամարներից, բազմերանգ թելերի պես հյուսվում իրար հետ, սլանում ազատ օդի մեջ և շնչասպառ մարում արագորեն, կարծես ողբալով, որ իրենց գոյությունն այդքան կարճատև է։
2
Հոռոմսիմի որդու և Հեղինե Սոլիկյանի միջև եղած կապը թեև վաղուց հայտնի էր Մանեին, բայց նա իբրև կրթված կին՝ իրեն միանգամայն հեռու էր պահում նրանց անձնական գործերին միջամտելուց և չտեսնելուն էր տալիս նրանց ավելի քան մերձավոր հարաբերությունները։ Նա շատ լավ ճանաչում էր թե Սեդրակ Նասիբյանին, և թե Հեղինե Սոլիկյանին, մանավանդ վերջինիս. գիտեր, որ երկուսն էլ ազատ, անկախ հայացքների տեր անձեր են, ամեն տեսակ նախապաշարումներից հեռու և, ինչպես ասում էր Հեղինե Սոլիկյանը, «բուրժուական բարոյականությունը» ժխտող։ Բայց երբեք չէր կարծում, որ նրանք, այդպիսի անձեր լինելով հանդերձ, զուրկ կլինեն խղճահարության ամենատարրական զգացումից անգամ և ընդունակ կլինին զոհ բերելու իրենց հանցավոր կրքին մի ամբողջ անմեղ ընտանիք։ Այս պատճառով Հոռոմսիմի պատմությունը այն աստիճան վրդովել էր նրա հոգին, որ նա վճռեց այդ օրն իսկ տեսնել ընկերուհուն և լրջորեն խոսել նրա հետ։ Այդ դիտավորությամբ երեկոյան դեմ դուրս եկավ տնից։
Հեղինե Սոլիկյանն ապրում էր երեք սենյակից բաղկացած վարձու մի բնակարանում իր մեծ քրոջ՝ Սալոմեի հետ, որը խուլ ու համր պառաված մի օրիորդ էր մոտ քառասուն տարեկան, ականջների մեջ շարունակ բամբակ խրած։ Հայր, մայր, եղբայր նա չուներ, ուներ միայն այդ մի հատիկ քույրը, որին սիրում էր ոչ այնքան նրա համար, որ իր քույրն էր, որքան նրա դժբախտության համար։ Իսկ Սալոմեն, աշխարհային բոլոր վայելքները մոռացած, նույնիսկ արտաքին աշխարհից միանգամայն կտրված, հոգով-մարմնով նվիրված էր փոքրիկ քրոջը, որին սիրում էր առանձին մի քնքշանքով և նայում էր նրա վրա մոր պես։ Թվում էր, թե նա ուրիշ ոչ