Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանեն նորից դարձել էր դեպի լուսամուտը և նայում էր դուրս։ Նրա առջև բացված էր ամբողջ արևմուտքը և քաղաքի մի մասը սարալանջին՝ իրար վրա կուտակված տներով, որոնց բազմերանգ տանիքները կարծես թե դարսված էին իրար վրա ձկան թեփի պես։ Արևմուտքում, լեռան քամակին, մի ամբողջ ֆեյերվերկ էր վառված անշարժ ու հուրհրատին. նոր մայր մտած արևը հուժկու թափով դուրս էր շպրտել լեռան հետևից իր բոցավառ ճաճանչները հսկայական հովհարի պես. և այդ ճաճանչները ադամանդյա երկայն ասեղների նման ցցվել էին երկնքի վրա անշարժ կանգնած նոսր ամպերի մեջ։ Լեռը հսկայական մի ստվեր էր ձգել իր լանջին կուտակված տների վրա և խաղաղ, հետզհետե զովացող օդը կարծես թե լցված էր ոսկու փոշով։

Մանեն մռայլ հայացքով նայում էր իր առջև բացված այդ հրաշալի տեսարանին, սրտի մեջ զգալով ինչ-որ անորակելի հույզեր ու կրքեր, և հետևից լսում էր Հեղինեի ձայնը, որը ճռնչում էր ծղրիդի պես ջղերը քայքայելու չափ երկար, հանդուգն ու համառ։ Նա զգում էր, որ ընկերուհու ասածների մեջ ճշմարտություններ շատ կան, բայց և, միևնույն ժամանակ, մի անորոշ բան նրա հոգու խորքում բողոքում և չէր ուզում հաշտվել այդ ճշմարտությունների հետ։

Հանկարծ նա ցնցվեց իրանի վրա զգացած ինչ-որ անախորժ մի բանի շփումից,— կարծես մեջքին օձ էր ուզում փաթաթվի,— և միևնույն ժամանակ ականջի մոտ լսեց Հեղինեի հեգնական ձայնը.

— Ճշմարիտ չե՞մ ասում արդյոք, իմ սիրուն տիկին։

— Չգիտեմ,— կամաց արտասանեց Մանեն և, արագորեն ազատելով իրանը նրա անախորժ գրկախառնությունից, սկսեց անցուդարձ անել սենյակում ջղային քայլերով։

— Չգիտե՜ս... ինչպե՜ս չգիտես,— բացականչեց Հեղինեն։— Գիտե՛ս, բայց հին մտքերդ շարունակում են քշե՛լ քեզ իրենց հին ճանապարհով։ Ես քեզ շատ լավ եմ հասկանում. քո մեջ կատարվում է հնի և նորի կռիվը։ Բայց եթե չես ուզում այդ կռվի զոհը դառնալ, պետք է միանգամից անցնես այդ երկու հակառակ և մեկը մյուսին ոչնչացնող տարրերից ամենազորավորի կողմը, որը նորն է, իհարկե։ Այլապես