Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանեի ձեռքերը, և նրա ծիծաղկոտ դեմքը մի ակնթարթում լուրջ արտահայտություն ստացավ՝ լի հետաքրքրությամբ և զարմանքով։— Նասիբյանի կնոջն ու մո՞րն ասում ես... Ի՞նչ աղետալի վիճակ... Ի՞նչ կապ ունեն նրանք մեր խոսակցության հետ... Ես քեզ չեմ հասկանում։

Այն աստիճան անկեղծ էր Հեղինեի զարմանքը, որ Մանեն զղջաց, թե ինչու ինքն այդքան փոքրոգի եղավ ընկերուհու հեգնական նկատողությունների դեմ և, նրանից վրեժ լուծելու պախարակելի զգացումից դրդված, այդպես հանկարծ ու խստորեն ասաց այն, ինչ բանի համար որ եկել էր ընկերուհու մոտ և ինչ որ կարելի էր ասել նրան ավելի մեղմորեն։ Նրա զայրույթը մեղմացավ, և նա այս անգամ բարեկամական-հանդիմանական տոնով պատմեց այն բոլորը, ինչ որ լսել էր այդ օր եկեղեցու բակում Հոռոմսիմից։ Պատմելիս աշխատում էր կարելույն չափ շարժել Հեղինեի կարեկցությունը դեպի Նասիբյանի թշվառ ընտանիքը և ուրախությամբ տեսնում էր, որ ընկերուհին լսում է մեծ ուշադրությամբ և հետզհետե լցվում բարկությամբ։

— Ցա՛ծ, ստո՛ր, գարշելի՛ մարդ,— բացականչեց Հեղինեն, այլևս չկարողանալով զսպել իրեն, և սաստիկ հուզված՝ սկսեց անցուդարձ անել սենյակում արագ, փոքրիկ, ջղոտ քայլերով, որի ժամանակ նրա ոտների տակ ճռճռում էր հատակի մի տախտակը։— Հավատում եմ... կարծում ես չե՞մ հավատում... բոլոր բաներին հավատում եմ, ինչ որ պատմել է այն խեղճ պառավը... հավատում եմ, որովհետև այդ խոզի ճուտը, այդ չորացած ապուխտն ընդունակ է ամեն բանի... Ափսո՜ս միայն, որ ես այդ բաները չեմ իմացել, թե չէ...

— Իբր թե՞...

Հեղինեն արագ նայեց Մանեին և, իսկույն քայլերի ընթացքը փոխելով, գնաց կանգնեց նրա առջև.

— Մի՞թե դու ինձ վրա այն աստիճան վատ կարծիք ունիս, որ չես հավատում ասածիս,— ասաց նա, խիստ լրջորեն նայելով ընկերուհու աչքերին։— Ի՞նչ անեմ, երդվե՞մ, որ հավատաս։— Ես քեզ լրջորեն ասում եմ, որ առաջին անգամն եմ իմանում նրա այդ ցածությունները։ Եվ որտեղի՞ց պիտի իմանայի. ինքը խո չէ՞ր պատմելու։ Թե չէ, որ իմանայի...