Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէին դրա պատճառը և ոչ էլ այն, որ նա շատ ուտելու պահանջ չէր զգում,— ընդհակառակը,— այլ ա՛յն, որ բժիշկները պատվիրել էին շատ չուտել։ Մինչդեռ Զաքարը չտես մարդու ագահություն էր ցույց տալիս։ Եվ իսկապես, երբեմն լավ ուտել-խմելուն սովոր, այժմ շատ հազիվ էր պատահում, որ նա կուշտ փորով հաց ուտեր։ Այդ բանը գիտեր Մանեն, գիտեր, որ Զաքարը, ինչպես միշտ, այս անգամ ևս եկել էր իրենց տուն հատկապես իր քաղցած փորը կշտացնելու համար, ուստի նրա հոգացողության գլխավոր առարկան այն էր, որ առատ կերպով կերակուր ու գինի մատակարարե այդ դժբախտ ծերունուն, մանավանդ գինի, դեպի որը առանձին թուլություն ուներ ծերունին։

Զաքարի հետ կատակներ անելիս Վահանը խոսք բաց արեց նրա եղբոր որդու՝ Աշոտ Բադամյանի մասին։ Ծերունին բորբոքվեց։ Գինին արդեն ընկել էր նրա գլուխը։ Նա ասաց, որ իր եղբոր որդու անունը չտան, որ Աշոտը «փարմասիոն» է դառել. ժամ չի գնում, չի հաղորդվում, ուշունց է տալիս կաթողիկոսին, հակառակ է Գրիգոր Լուսավորչի հավատին, եկեղեցին ուզում է քանդել, պսակը հիմար բան է համարում, մարդ ու կնոջ քարոզում է, որ իրարից բաժանվեն և ում հետ ուզում են՝ նրա հետ ապրեն և ուրիշ «այդ տեսակ բաներ»։ Օսանը լսում էր նրան զարմանքով, իսկ Վահանը զվարճանում էր ծերունու բորբոքման վրա, անդադար խթխթում նրան և ծածուկ աչքով անում քրոջը։ Մինչդեռ այդ անսպասելի միջադեպը հանկարծ փոխել էր Մանեի ուրախ տրամադրությունը։ Նրան այլևս դուր չէին դալիս եղբոր կատակները և ամեն անգամ, երբ Վահանը բորբոքում էր պակասամիտ ծերունուն իր եղբոր որդու վրա ավելի խիստ բառերով հարձակվելու, Մանեն չէր կարողանում զսպել իրեն, որ հանդիմանական հայացքներ չձգե եղբոր վրա։

Երբ սեղանը հավաքեցին, Զաքարը պարզապես արբած էր. այնպես որ, երբ վեր կացավ, քիչ մնաց վայր ընկներ։ Վահանը բռնեց նրա թևից և տարավ պառկեցրեց փոքրիկ թախտի վրա, իսկ Մանեն մի բարձ դրեց նրա գլխի տակ։ Ծերունին միանգամայն թուլացած՝ ինչ-որ մրթմրթաց, ըստ երևույթին օրհնեց քույր ու եղբոր ցույց տված հոգացողությունը և գրեթե իսկույն էլ քնեց, խաղաղ փսփսացնելով քթածակերից: