6
Վահանը մեկ-մեկ դիպչում էր քրոջ տուն։ Թիֆլիսում նա բազմաթիվ ծանոթներ և շատ բարեկամներ ուներ, ամեն օր մեկի կամ մյուսի տանն էր լինում հրավիրված և ամեն տեղ ցանկալի հյուր էր, ամենքը խլում էին նրան իրար ձեռքից: Զատկի տոներին անգամ չկարողացավ քրոջ տանը լինել և այդ բանի համար մեծ հանդիմանություն ստացավ թե Մանեից, և՛ թե, մանավանդ, նրա սկեսուրից։ Օսանն ընդսմին շատ նեղացած էր նրանից, որ նա իր հաղորդվելու օրն էլ չէր եկել ճաշին իրենց տուն։
Տոները Մանեի համար անցան վերին աստիճանի տխուր, մանավանդ ամուսնուց սիրո և կարոտի զգացումներով զեղուն շնորհավորական հեռագիր ստանալուց հետո։ Այդ հեռագրի ազդեցության տակ, նա հիվանդ ձևացավ և դուրս չեկավ Աշոտ Բադամյանի մոտ, որը Զատիկը շնորհավորելու պատրվակով եկել էր նրան տեսնելու։
Բադամյանը նստած էր հարևան սենյակում և խոսում էր Օսանի հետ։ Օսանը հանդիմանում էր նրան իր քարոզած գաղափարների համար, իսկ Բադամյանը ծիծաղելով ասում էր, որ իր հորեղբայրն այդ բոլորը հնարում է մասամբ իրենից, մասամբ իր հակառակորդների ասածները կրկնելով։ «Լավ, ինչի՞ չես մին-մին մտիկ անում,— ասաց Օսանը.— մեղք չի՞. հացափոր ընկած է սրա-նրա դռանը»։ Բադամյանը զայրացավ։ Նա ասաց, թե ինքը միշտ առաջարկել է Զաքարին, որ իր տանն ապրի, այն պայմանով միայն, որ արաղից ձեռք վերցնի, շատ չխմի, մանավանդ ման չգա քելեխների (վերջինս Զաքարի համար պարզապես մի հիվանդություն էր դարձել), բայց ծերունին չի կամեցել ընդունել այդ պայմանը և ինչպես որ անկարգ ապրել է հարուստ ժամանակ, նույն անկարգությամբ էլ ուզում է վերջացնել իր աղքատ ծերությունը։ Սակայն, չնայելով դրան, Բադամյանն այժմ էլ ամեն ամիս մի որոշ գումար ուղարկում է ծերունուն, որ նա հացափոր ման չգա ուրիշի տները, բայց նա այնքան ապերախտ է, որ դեռ գրախոսում էլ է իր եղբոր որդու վրա։
Մանեն Բադամյանի խոսածը լսում էր կից սենյակից։ Նա ակամա հիշեց եղբոր ասած հարյուր ֆրանկի պարտքը, որ