խոսքով՝ ես չեզոք մարդ եմ։ Ջորին խո գիտես ինչ է,— ոչ ձի է, ոչ էշ:
— Խոսք չկա, լա՜վ ածականներով ես կնքում ինքդ քեզ...
— Օ՜, ներողություն, անասուններին ես չափազանց սիրում եմ հենց թեկուզ միայն նրա համար, որ նրանք չեն կծում իրար «ազատամիտ» և «խավարամիտ» բառերով։ Ասելս այն է, որ ես ոչ ազատամիտ եմ, ոչ խավարամիտ, ոչ առաջադիմական եմ, ոչ հետադիմական, ոչ արմատական եմ, ոչ պահպանողական— իհարկե, ա՛յն իմաստով, ինչ իմաստով որ այդ բառերը գործ են ածում մեր մայմունների աշխարհում։ Տեղը գա՝ սրա՛ գլխին կփամփաչեմ, տեղը գա— նրա՛ գլխին, որովհետև երկուսն էլ ինձ համար միևնույն հիմարներն են։
— Եվ ամենից խելոքը դու ես...
— Անշուշտ։ Որովհետև արժե՞ միթե արյուն պղտորել մեր այս հիմարիոսների աշխարհում։
— Իհարկե, չարժե, որովհետև արյան պղտորումն առհասարակ խանգարում է մարդկանց... փորը հաստացնելուն։
— Բռա՜վո, բռավի՜սիմո,— նորից բացականչեց Վահանը այնքան բարձրաձայն, որ կառապանը ետ նայեց զարմացած.
— Ինչ որ սուր է՝ սուր է։ Հավանում եմ։ Կեցցե՜ս։
Ներկայացումն սկսվելու վրա էր, որ քույր ու եղբայր հասան թատրոն։ Օրկեստրը արդեն նվագում էր։ Ահագին ժողովուրդ էր խռնվում ֆոյեում և դահլիճում։ Ժխորը կատարյալ էր։ Օդը հագեցած էր օծանելիքների սուր հոտով։ Մանեն ու Վահանը հազիվ կարողացան գտնել իրենց տեղերը պարտերում։ Աթոռների նեղ միջանցքից անցնելը կատարյալ պատիժ էր Վահանի համար. քրտնքակոխ եղած՝ նա հազիվ էր կարողանում անցկացնել իր ահագին փորը, ջարդելով նստածների ծնկները կամ ստիպելով նրանց վեր կենալ։
Հասարակությունը համեմատաբար ընտիր էր, ինչպես սովորաբար լինում է բարեգործական նպատակով տրվող հայերեն ներկայացումներին։ Սովորական ներկայացումներին հայոց թատրոնի ամենապատվավոր տեղը՝ առաջին կարգերում բազմած են լինում աստված գիտե ինչ միջոցով ներս