Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոխարեն հրավիրելու եմ, որ մի բաժակ լիմոնադ անուշ անի մեզ հետ։

Եվ երբ Բադամյանն իր ուղեկիցների հետ մոտեցավ ու պիտի անցներ Վահանի ու Մանեի առաջով՝ առանց նրանց նկատելու, Վահանը կանչեց։

— Պարո՛ն Բադամյան։

Բադամյանը կանգ առավ, նայեց նրա կողմը և, ըստ երևույթին, իսկույն չկարողացավ ճանաչել, թե ով էր կանչողը, բայց Մանեին որ տեսավ նրա մոտ, շտապեց ներողություն խնդրելու իր թիկնապահ երիտասարդներից, թողեց նրանց և մոտեցավ քույր ու եղբորը։

— Այդ դո՞ւք եք,— բացականչեց նա, սեղմելով Վահանի ձեռքը։— Դուք այնքան ուշ-ուշ եք երևում մեր քաղաքում, որ, ներեցեք, իսկույն չկարողացա ճանաչել, մանավանդ, որ այդքան չաղացել եք։ Բարև ձեզ, տիկին։ Այդ ինչպե՞ս է, որ ձեզ չեմ նկատել թատրոնում։

— Որովհետև, մենք հասարակական գործիչներ չենք և հետևն ենք նստած,— թռուցիկ մի ակնարկ գցելով քրոջ կողմը, ասաց Վահանը և կողքի աթոռը մոտ քաշեց։— Չէի՞ք բարեհաճիլ մեզ ընկերանալ։

Բադամյանը շնորհակալություն հայտնեց և նստեց։ Վահանը սպասավորին պատվիրեց, որ մի բաժակ էլ բերի։

— Ուրի՞շ, ինչպե՞ս եք,— դարձավ Բադամյանը Վահանին։— Այս ո՞ր քամին է քշել ձեզ Թիֆլիս։

— Ցիկլոնն ասացեք, այլապես ո՞ր քամին կարող է տեղից շարժել այս ահագին մսագունդը։ Եկել եմ բժիշկներից խորհուրդ հարցնելու, թե ի՞նչ անեմ, որ այսպես չչաղանամ։ Երևակայեցեք, տանը հատկապես մի կշեռք եմ պահում, ամեն օր կշռվում եմ և տեսնում, որ օր օրի վրա ծանրությունս ավելանում է մինչև մի ֆունտ։ Դե հաշվեցեք՝ տարին քանի փութ դուրս կգա։ Անցյալ օր մի ծանոթ բժշկի մոտ էի, ասաց, որ այսպիսի ագրեսիվ չաղանալու դեմ չորս միջոց կա, մեկը մյուսից ավելի զորավոր. առաջին՝ ամեն օր ներկա լինել մեր եկեղեցիներում մեծ պասի ժամերգությանը սկզբից մինչև վերջը. երկրորդ՝ ներկա լինել հայկական ժողովներին. երրորդ՝ հաճախել հայոց թատրոն և չորրորդ՝ կարելույն չափ շատ կարդալ հայ լրագիր։