Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ դեռևս մտադիր չեմ նշանվելու։ Բայց ի՞նչ կապ ունի ժլատությունս նշանաբանիս հետ։

— Այն կապն ունի, որ «դու քեզ համար, ես ինձ համար» ասելով ուզում ես ապահովել քեզ, որ ոչ ոք աչք չտնկի գրպանիդ, իսկ գրպանդ քեզ համար...

— Լավ, մի շարունակիր,— ընդհատեց Վահանը, բաժակները լցնելով սպասավորի բերած լիմոնադից։— Դու վատ տրամաբան ես, քույրիկ ջան։ Մի նեղանար, խնդրեմ: Գրպանիս որ այդքան նշանակություն տայի...

— Խոստովանիր, որ դու գյուղում վաշխառությամբ ես պարապում,— հանկարծ դառնալով դեպի Վահանը, շպրտեց նրա երեսին Մանեն։

— Չէ, այդ էլ չեղավ, քույրիկ ջան,— նկատեց Վահանը և դատարկեց իր բաժակը։— Դու ուզում ես,— խմիր, քանի սառն է,— դու ուզում ես ամուսնուդ ջիգրը հանել, որ այն օրը նրան վաշխառու անվանեցի։ Բայց չէ՞ որ ես կատակ էի անում։ Գրպանիս որ այդքան նշանակություն տայի... Տե՛ս ով է գալիս... (Վահանն աչքով արավ դեպի պարտեզի մուտքը): Գրպանիս որ այդքան նշանակություն տայի և վաշխառու լինեի, մինչև հիմա վաղուց բռնել էի քո այդ պարոն Զևսի յախից,— թեև մազերից բռնելն ավելի հարմար կլիներ,— և պահանջել էի հարյուր ֆրանկս... տոկոսով հանդերձ, իհարկե:

Մանեն նայեց այն կողմը, որ կողմը որ աչքով արավ Վահանը, և տեսավ Բադամյանին։ Բադամյանը մտավ պարտեզ։ Նրա հետ էին նեղ ու կարճ սյուրտուկների մեջ պինդ կոճկված երկու երիտասարդ, որոնք, մեկը նրա աջ, մյուսը ձախ կողմն անցած, ստրկական-հարգական ակնածությամբ լսում էին նրա մի ինչ-որ պատմությունը։

— Տեսնո՞ւմ ես նրա հետ այն երիտասարդներին,— ասաց Վահանը քրոջը:—Դեմքերից, հագուստներից և շարժումներից տեսնում եմ, որ գավառացիներ են— գավառացի ազատամիտ կծոտողներից, որոնք, սակայն, կատու են դարձել այստեղ։ Տես, ինչքան զգույշ են քայլում, որ չդիպչեն Զևսի թևին։ Դա, տերը մի արասցե, սրբապղծություն կլինի, որովհետև գիտես Բադամյանը... Դու գավառում չես եղել, որ իմանաս, թե... Բայց հարյուր ֆրանկս պահանջելու