Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անհաստատ քայլերով հեռացավ, որ գլխարկն առնի ու գնա, բայց զգաց, որ այդքան քաջություն չունի։ Ծնկները ծալվում էին, մի բան խեղդում էր նրա բուկը, և նա անդիմադրելի մի ցանկություն էր զգում վայր ընկնելու ուղղակի հատակի վրա և լաց լինելու երեխայի պես։ Նա նստեց, գլուխը նորից առավ ձեռքերի մեջ և զգաց, որ ճակատն այս անգամ սառն է սառցի պես, և քունքերի վրա երակներն այլևս չեն զարկում կարծես։ «Այդ ի՞նչ է, մեռնո՞ւմ եմ»,— մտածեց նա, ձիգ տալով մազերը, և զարմացավ, որ ցավ չզգաց։ Նա ինքն իրեն ցնցեց, նստեց ուղիղ, և նրա հայացքն ընկավ Մանեի վրա։

Մանեն կանգնած էր բաց լուսամուտի առաջ, բարձր ու բարեկազմ, և նայում էր դեպի դուրս։ Դրսից ներս թափանցող արևի շողերի տակ փայլում և, կարծես, մանրիկ կայծեր էր ցայտեցնում նրա սև ատլասի հագուստն ուսերի վրա, իսկ ականջի օղի մեջ վառվում, հուրհրատում էր խոշոր ադամանդը ծիածանի բոլոր երանգներով։

«Տե՛ր աստված, որքա՜ն գեղեցիկ է, որքա՜ն սիրում եմ»,— մտածեց Բադամյանը, աչքերը չկարողանալով հեռացնել նրանից։ Նրան թվում էր, թե Մանեն առաջ երբեք այդքան գեղեցիկ չի եղել, և ինքն երբեք այդպես կաթոգին չի սիրել այդ կնոջը։ Իր վճռական հարցի վճռական պատասխանը ստանալուց հետո այնպիսի մի վհատություն էր տիրել նրան, որ կարծես հանկարծ կորցրել էր թանկագին, չափազանց թանկագին մի բան, որի ահագին արժեքը նոր էր հասկանում, և կորուստն անդառնալի էր։ Մանեի մոտ գալիս նա կշռադատել էր իր անելիքն ու ասելիքը. կանխատեսել էր Մանեից ստանալիք պատասխանը, հենց այն պատասխանը, ինչ որ լսեց. բայց ամենևին չէր կարծել, թե ինքն այդ աստիճան թուլամորթ կարող էր լինել։ Նա նստած էր անզոր և հուսահատ, շփում էր ճակատը և, տանջվելով, աշխատում էր հիշել մի բան, որ Մանեի մոտ գալիս վճռել էր գործադրել իբրև վերջին միջոց այդ զարմանալի, այդ անհասկանալի կնոջ համառությունը կոտրելու համար։ Հանկարծ հիշեց, ձեռքն արագորեն տարավ ծոցի գրպանը, շոշափեց այնտեղ ինչ-որ մի թուղթ և վեր թռավ տեղից։