գյուղական մի հասարակության պատկանող բնական հարստությանը,— այդ բանը հայտնի է միայն իր համալսարանական խղճին և մեկ էլ իր տռզած գրպանին... Էլ խնդրագրեր, էլ բողոքագրեր, էլ դատարան, էլ նոր ծախսեր— ոչինչ չօգնեց, և խղճուկ գյուղացիները վերջիվերջո ստիպված էին իրենց եփած փլավի համը չառած՝ ետ նստել և, ինչպես ասում են, բերներիցը ծլուլը թափելով դիտել, թե ինչպես ուրիշն անուշ է անում այդ համեղ փլավը։ Ի՞նչ անուն կտաք դիպլոմավոր մեր պարոնի այս վարմունքին։
Բայց այլ առակ լուարուք։ Այս բանից արդեն փլավի հոտ չի փչում, այլ շատ գարշելի մի հոտ։
«Մեր ասած ինժեների մոտ աղախնի պաշտոն էր կատարում այրի մի կին իր 13 տարեկան աղջկա հետ։ Այս օրերս այդ աղջկան գտան հանքերից երեք վերստ հեռավորության վրա մի ձորակի մեջ խեղդամահ։ Բժշկական քննությունը բացահայտեց, որ խեղճ աղջիկը, չարաչար մահից առաջ, բռնաբարված է եղել... Թեև դժվար չէր լինիլ իմանալ (թերևս և իմացան), թե ով է եղել այս քստմնելի ոճրագործության հեղինակը, բայց ամենակարող մամոնան այս գործում ևս տեսավ իր բանը, և գործը քնեց...»։
Մանեն կարդում էր, ըստ երևույթին, բոլորովին հանգիստ, նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար, դեմքի ոչ մի մկանունքը չէր շարժվում. նամակի թուղթը միայն դողում էր նրա ձեռքում։
Բադամյանը նայում էր նրա ահագին թերթերունքներին, մերթ գունատ շրթունքներին, լսում էր, և նամակի խոսքերը, չնայելով որ անգիր գիտեր, Մանեի բերանից հնչում էին նրա ականջին այնքան անհավատալի, այնքան ահռելի կերպով, որ սկզբում զարմացավ, թե ինչպես իրեն թույլ տվեց այդպիսի մի նամակ հանձնելու նրան, հետո այնքան սարսափեց, որ քիչ մնաց նամակը խլեր նրա ձեռքից, պատառ-պատառ աներ և ասեր ուղղակի, որ ինքն ևս չի հավատում այդ բանին, որ դա սուտ է, անխիղճ զրպարտություն և հերյուրված է անպատճառ անձնական թշնամությունից։ Բայց նա կանգնած էր անշարժ և սարսափահար, իբրև մի մարդ, որ ծայրահեղ կատաղության րոպեին անգիտակցաբար հարված է իջեցնում հակառակորդի գլխին և, հանկարծ ուշքի գալով,