Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գիշերվա մի ժամին Բադամյանը զարթնեց անկողնում և զգաց, որ մրսում է։ Ամբողջ մարմնի մեջ ինչ-որ անհանգստացնող թմբիր էր զգում. բոլոր ոսկորները, մանավանդ սրունքների մեջ, մղմղում էին և կտրատվում։ Հիշեց, որ այդ գիշեր Մանեին ճանապարհ դնելուց հետո տուն դառնալիս այն աստիճան թրջվել էր անձրևից և քրտնել, որ հազիվ էր կարողացել շորերը հանել անկողին մտնելու համար, հետո վեր էր կացել և բաց արել լուսամուտը, որովհետև ննջարանում սաստիկ տոթ էր կանգնած։ Լուսամուտն այդպես էլ բաց էր մնացել, և նրան թվում էր, թե այժմ այդտեղից ցուրտ քամի է փչում, բայց նա սաստիկ ալարում էր վեր կենալ և լուսամուտը փակել։ Նա կոլոլվեց վերմակի մեջ, ծնկները պինդ ծալեց սրունքների մեջ զգացած մղմիղը հանգստացնելու համար և նորից քնեց։

Բայց այս անգամ շատ անհանգիստ էր նրա քունը։ Նրան թվում էր, թե քնած չէ, վեր է կացել, ուզում է փակել լուսամուտը, բայց չի կարողանում, փեղկերը կպել են պատին, իսկ դրսից ցուրտ քամի է փչում, այն աստիճան ցուրտ, որ նրա ատամները զարկվում են իրար։ Նա դառնում է, որ գնա նորից պառկի, բայց հանկարծ կանգ է առնում. նրա առաջ կանգնած է Վահանը իր հսկայական մարմնով և ասում է՝ «Ո՞ւր եք գնում»։ Արյունը խփում է նրա գլխին, և նրան թվում է, թե հանկարծ կրակի բոցեր են պատում իր մարմինը։ Ցնցողաբար բարձրացնում է ձեռքը, որ ապտակ տա նրա չաղ թշին, բայց մեկ էլ տեսնում է, որ իր առաջ կանգնած է ոչ թե Վահանը, այլ Մանեն ձեռքերի ափերը քունքերին դրած և շշնջում է սաստիկ չռած աչքերով՝ «Բադամյան, մի՞թե այդ դուք եք... դո՞ւք...»։ Բադամյանը ետուետ է գնում, զարկվում է լուսամուտի տախտակին, և ցուրտը սառույց է կտրում նրա մեջքը։

Բադամյանը շուռ եկավ մյուս կողքի վրա և տնքաց ողնաշարի մեջ զգացած ցավից։ Նա բաց արեց աչքերը և տեսավ, որ արդեն լուսացել է։

Գիշերվա հեղեղից հետո առավոտը հիանալի էր։ Ննջարանը ողողված էր արևի ջերմ ճառագայթներով։ Բաց լուսամուտից