Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հեղինեն ոտով դեն հրեց աթոռը, պենսնեն քթին դրեց և խիստ հուզված սկսեց անցուդարձ անել սենյակում։

— Ո՛չ, բավական է,— աղաղակեց նա,— այլևս չեմ կարող դիմանալ։ Մինչև այժմ ես միայն սպառնում էի, բայց չէի կատարում սպառնալիքս, իսկ այժմ... Ես կգնամ ոստիկանատուն և ապահովություն կպահանջեմ... Այսպես չի կարելի... Մարդ հանգստություն չունենա մինչև անգամ իր սեփական տանը... Սա ի՞նչ դրություն է... Գոնե մի խոսքով, մի ամենահասարակ խոսքով կապված լինիմ նրա հետ, էլի կասեմ` քարն իմ գլուխը, իրավունք ունի, բայց, ախր ես ո՞վ, նա ո՛վ, ի՞նչ կապ կա մեր մեջ... Մի խան, մի փաշա, մի սուլթան այն իրավունքները չի բանեցնիլ իր հարճի վրա, ինչ իրավունքներ որ նա է բանեցնում ինձ վրա... Սա գժվելու բան չէ՞...

Հատակի վրա ցրիվ եկած բաժակի փշուրներն ընկնում էին նրա ոտների տակ և տրխկալով ավելի ևս փշրվում. այդպիսի դեպքերում նա կանգ էր առնում, ոտով շպրտում էր փշուրները պատի կողմը և նորից շարունակում իր ջղային քայլվածքը։

Հանկարծ նա կանգ առավ Բադամյանի առաջ, որը, բոլորովին անտարբեր ու անզգա, նայում էր լուսամուտի ապակիներին, որոնց մեջ հետզհետե հանգչում էին արևի ճաճանչները։

— Վիպասան մարդ եք, ահա՛ ձեզ մի տիպ, հայոց ազգի ազատամիտի մի տիպ։ Անաչառ եղեք, դուրս բերեք այդ տիպը։ Ինչո՞ւ չեք դուրս բերում։ Երևի կասեք, որ դա տիպ չէ, որ դա պարոդիա է։ Բայց ո՞ր ազատամիտը մեզանում պարոդիա չէ, ասացեք խնդրեմ, ո՞ր ազատամիտը...

Բադամյանն արմունկները դրեց սեղանի վրա, աչքերը փակեց և ճակատն ու քունքերը սեղմեց մատների մեջ։ Նա սիրտ չուներ խոսելու, հազիվ թե լսում էլ էր Հեղինեի ասածները. զգում էր միայն, որ նրա ծկլթոցները սաստիկ գրգռում են իր ջղերը։ Այժմ նա բոլորովին հիվանդ էր զգում իրեն, գլուխը սաստիկ ցավում էր. ճակատը մերթ սառում էր, մերթ վառվում. բերանի մեջ անհամություն էր զգում, կարծես դառն բան լիներ կերած, մեջքը և սրունքները կոտրատվում էին