վարդերի և ծաղիկների մեջ թաղված, և թե ինչպես Մանեն չոքած է դագաղի առաջ սև հագուստով և, դեմքը ձեռքերով ծածկած, հեկեկում է անմխիթար արցունքներով։ Իսկ Սանթրոսյանը... Սակայն Սանթրոսյանի մասին Բադամյանի երևակայությոլնր ոչինչ չէր կարողանում ստեղծել. տեսնում էր միայն նրա ժոկեի գլխարկը և երկարաճիտ կոշիկները։
Ութերորդ օթը հիվանդի վիճակը բոլորովին վատացավ։ Այդ օրը, երեկոյան դեմ, նրան առաջին անգամ այցելեց Հեղինեն։
— Բադամյան, ի՞նչ է պատահել ձեզ,— հարցրեց նա՝ խոնարհվելով հիվանդի բոլորովին փոխված դեմքի վրա։
Բադամյանը, սաստիկ տաքության մեջ, շաղված աչքերով նայեց նրան, ինչ-որ շշնջաց և սպիտակած, կարծես կաթնոտ լեզվով սկսեց լպստել չորացած և տեղ-տեղ ճաքած շրթունքները։
Հեղինեն ձեռքի ափը դրեց նրա ճակատի վրա, ճակատը չոր էր մագաղաթի պես և այրվում էր վառարանի նման։
— Այս ե՞րբ եք այսպես մրսել։ Անցած շաբաթ օր մեր տանն էիք, այն օրվանի՞ց եք պառկած։
Հիվանդը տենդից վառվող աչքերով նայում էր Հեղինեին և, ըստ երևույթին, չէր հասկանում, թե ինչ էր ասում նա։
Հեղինեն ավելի խոնարհվեց նրա դեմքի վրա։
— Բադամյան... Բժիշկ գալի՞ս է։
Հիվանդր գլխով դրական շարժում արավ։
— Ո՞վ է նայում ձեզ։
— Ի՞նչ...
— Ո՞վ է նայում, ասում եմ, ձեզ։
— Ծառան։
— Բժիշկն այսօր եկե՞լ է։
— Չգիտեմ։
Սաստիկ ջերմը մթագնել էր հիվանդի հիշողությունը։ Խոսելիս նրա ձայնը հազիվ էր լսվում։ Նա չէր դադարում շրթունքները լպստելուց, շնչում էր խիստ արագ և լսելի հեթեթոցով և վառվող, անմիտ, կարծես սարսափահար աչքերը չէր հեռացնում Հեղինեի դեմքից։
Հեղինեն անհանգիստ դրության մեջ էր. չէր իմանում գնա, թե մնա, երբ եկավ բժիշկը։ Նրանք լավ ծանոթ էին