Որովհետև մոմը լուսավորում էր Մանեի հետևից, այդ պատճառով Հեղինեն իսկույն չկարողացավ որոշել, թե ով է նստած հիվանդի մոտ. բայց երբ մոտեցավ և տեսավ, որ Մանեն է, զարմանքից մի զսպած ճիչ արձակեց ակամա.
— Մանե՛... Ի՞նչ ես շինում այստեղ,— շշնջաց նա։
Մանեն իր մեծ-մեծ սառած աչքերով նայեց նրան և ոչինչ չպատասխանեց։
Հեղինեն հանկարծ դարձավ դեպի հիվանդը, խոնարհվեց նրա դեմքի վրա և սկսեց ականջ դնել նրա շնչառությանը, հետո բռնեց Մանեի ձեռքից, նշանացի հասկացրեց նրան, որ վեր կենա, և դուրս տարավ հարևան սենյակը։
— Ինչո՞ւ ես եկել, ո՞վ ասաց, որ գաս,— շշնջաց նա, դուռը զգուշորեն դնելով։
Մանեն շարունակում էր նայել նրան իր սառած աչքերով, պարզ երևում էր, որ նրան բոլորովին այլ միտք է զբաղեցնում, և նա չէր լսում, թե ինչ է հարցնում ընկերուհին։
— Մեռնում է, չէ՞,— հարցրեց նա տարօրինակ հանգիստ ձայնով։
— Ո՞վ ասաց քեզ, թե մեռնում է,— բացականչեց Հեղինեն զայրացած։— Այն հիմար պառավնե՞րը։ Եվ դու գլուխդ կորցրած վազել ես այս կեսգիշերին։ Եվ, երևի, թաքուն... Հա՞։
— Մանեն ոչինչ չպատասխանեց։
— Լսիր, քեզ հետ եմ, ի՞նչ ես լռում... Ամուսինդ գիտե՞, որ այստեղ ես։
— Ոչ,
— Բայց որ իմանա՞։
— Ի՞նչ անեմ,— ասաց Մանեն, անփութորեն թոթվելով ուսերը։— Չիմանա էլ, ես ինքս կհայտնեմ,— ավելացրեց նա։
Հեղինեն, վերին աստիճանի ապշած, ձեռքերը զարկեց իրար։