Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիշերն անգամ ես այսքան անհանգիստ չէի... Ի՛նչ է պատահում ինձ այս գիշեր— չեմ հասկանում։ Խոհականությունս չեմ կորցրել, սառնասրտությունս— նույնպես, բայց և այնպես... ինձ թվում է թե... ամեն բան կորցրել եմ... ամե՜ն բան, ամե՜ն բան...

Նրա ձայնը նկատելի կերպով դողաց, և նա իսկույն լռեց։

Վահանը, անկողնակալի վրա նստած, տեսնում էր Սանթրոսյանի մութ ուրվագիծը պատուհանի քառանկյունի ֆոնի վրա և ուշիուշով ականջ էր դնում նրան։

— Իսկ Մանեն... քնա՞ծ է,— հարցրեց նա։

— Երևի... Չգիտեմ... Ես նրա մոտ չեմ մտել։

— Ինչպե՞ս թե...

— Մի՞թե ես այլևս իրավունք ունեմ նրա մոտ մտնելու...

Վահանը պարզ որոշել չկարողացավ, թե Սանթրոսյանն այդ խոսքերն արտասանեց մինչև հոգու խորքը վիրավորված մարդու հեգնությա՞մբ, արդյոք, թե ներքին խիստ զսպած կատաղությամբ։

— Մեր միջև հանկարծ այնպիսի՜ մի վիհ է բացվել, որը...— ավելացրեց Սանթրոսյանը և դարձյալ լռեց։

Վահանի շատախոս լեզուն կարծես փորն էր ընկել։ Նա չէր իմանում ինչ ասի, ինչպես հանգստացնի իր քրոջ մարդուն։ Սանթրոսյանի երերուն ձայնից, արտասանած կցկտուր խոսքերից նա հասկանում էր, թե որքան տանջվում էր հոգեպես այդ մարդը, և նրան թվում էր, թե ինքն էլ մասնակից է իր քրոջ հանցանքին այդ դժբախտ մարդու առաջ, որ այդպես չարաչար տանջվում էր բոլորովին անարդար կերպով։

— Վիհ, ահավո՜ր մի վիհ,— կրկնեց Սանթրոսյանը, կարծես ինքն իրեն։— Մինչդեռ երեկ էր, այսօր էր, սրանից մի-երկու ժամ առաջ էր, որ ես ոչինչ չգիտեի, ոչինչ չէի կասկածում, ոչի՜նչ... Եվ հոգիս այնքա՜ն խաղաղ էր... Իսկ այժմ... Իսկ ա՜յժմ։ Ինձ թվում է, թե երազումս եմ, մի սարսափելի