Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զգացմանը. իսկ ես... Ահավասիկ ես նստած եմ ձեր առաջ թույլ, կամազուրկ, տատանվող, անվճռական, նույնիսկ վախկոտ, ինչպես մի Համլետ, որ ընդունակ է միայն մտածելու, մտածելու և սարսափելու իր մտածմունքներից։ Ինչքան էլ որ խնդիրը շուռ եմ տալիս դեսուդեն, ինչ տեսակետից էլ որ մոտենում եմ նրան, իրավական թե բարոյական, փիլիսոփայական թե առօրյա կենցաղավարական, այնուամենայնիվ վերջ ի վերջո գալիս կանգ եմ առնում դարձյալ այն անողոք, անջնջելի կետի վրա, որ կինս, այսպես թե այնպես, իմս չէ այլևս, որովհետև սի՛րտն իմս չէ։ Սա այնքան պարզ է, այնքան տրամաբանական, որ ավելորդ է անգամ այս մասին խոսել։ Եվ այստեղ է, ահա, որ կտրվում են թևերս, և ես այնքան թույլ եմ զգում ինձ, այնքան իրավազուրկ, որքան նորածին մի մանուկ։ Ի՞նչ կարող եմ անել։ Իրավո՞ւնք ունիմ որևէ բան ասելու, նույնիսկ հանդիմանական մի թեթև խոսք ասելու։ Իբրև մարդ, նա ազատ է, նա անձեռնմխելի է։ Նա իրավունք ունի, իսկ ես չունիմ։ Այդպես է պահանջում լոգիկան։ Եվ երբ մի քիչ էլ առաջ եմ անցնում, տեսնում եմ, որ նույնիսկ ներելու իրավունք չունիմ, այո՛, նույնիսկ ներելու իրավունք, որովհետև ներելու իրավունք ունի միայն նա՛, ով ամենից առաջ պատմելու իրավունք ունի, իսկ ես հենց պատմելու իրավունքից է, որ զրկված եմ համարում ինձ։ Ահա՛ թե մինչև ո՛ւր կարող է տանել այս անողոք, այս պողպատյա լոգիկան։ Շատ-շատ, ես իրավունք ունիմ միայն ասելու «մնաս բարև» և գնալու իմ ճանապարհով, բայց... հետո՞... Ահա՛ թե որտեղ է թաքնված Համլետը... Ապշելու բան է, թե ինչպես ձեռաց կարելի է փշրել մարդու ապագան, նրա ամբողջ կյանքը, այն բոլորը. ինչի համար նա երկար տարիներ տքնել, չարչարվել, տանջվել է... Ա՜խ, Մանե, Մանե, այս ի՞նչ արիր դու, այս ի՞նչ արիր...

Նրա հանգիստ ձայնը նորից դողաց, և նա ավելի կախեց գլուխը ծնկների վրա։