Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծանոթ դեմքը իր զարմանալի կանոնավոր գծերով, փոքր-ինչ կոր քթով և լիքը կզակով, որի տակից կարծես սպիտակ մարմարիրց ձուլված բարձրանիստ վիզը գնում նստում էր սև հագուստի անկվածապատ օձիքի մեջ։

«Եվ այսուհետև այսպես կլինի միշտ»,— մեղր ու կարագով հացը ծամելով, մտածում էր նա, առանց աչքերը հեռացնելու Վիկտորիա Պավլովնայի դեմքից, երևակայելով, թե նա արդեն իր կինն է, իր տան տիրուհին, բայց ոչ այդ սև հագուստով, այլ կուրծքն ու թևերը բաց զվարթագույն թեթև, գրգռիչ պենյուարով, ինչպես իր հանգուցյալ կինը նորահարս ժամանակ, որը նույնպես աչքի ընկնող գեղեցկուհի էր ջահել հասակում, իսկ պառաված և մանավանդ հիվանդ ժամանակ արդեն մի զզվելի վհուկի էր նմանում։

— Դուք կաթո՞վ եք խմում, Սերգեյ Պետրովիչ,— հարցրեց Վիկտորիա Պավլովնան, պատրաստվելով բաժակը լցնելու։

— Կաթով, թանկագինս։ Առանց կաթի միայն երեկոներն եմ խմում։

Վիկտորիա Պավլովնան բաժակը լցրեց՝ կաթի տեղ թողնելով և, Խանբեգյանի առջև դնելով, ասաց լրջորեն, առանց նրան նայելու․

— Ես գիտե՞ք ինչու համար եմ եկել ձեզ մոտ, Սերգեյ Պետրովիչ։

— Ես լսում եմ ձեզ չորս ականջով, թանկագինս։

— Իմ հանգուցյալ ամուսնու մահից հետո ձեզ արդեն հայտնի է իմ դրությունը։ Ձեր ինձ ցույց տված օգնության համար ես շատ երախտապարտ եմ։ Բայց այսպես չի կարելի շարունակել։ Պարազիտ լինելը լավ չէ։

— Վիկտորիա Պավլովնա, այդ ի՞նչ եք ասում,— բացականչեց Խանբեգյանն աչքերը լայն բանալով և դադարելով ծամելուց․