քայլերը, և մեքենայաբար կրկնում մտքում. «Այժմ, կամ երբեք, այժմ, կամ երբեք»։
Հանկարծ ինքն էլ չիմացավ, թե ինչպես, կանգ առավ սեղանի առջև, ձեռքերը դրեց սեղանի վրա և ամբողջ մեջքով առաջ թեքվեց դեպի Վիկտորիա Պավլովնան այնպես, որ շատ քիչ տարածություն էր մնում նրանց դեմքերի միջև։
— Ես մի ուրիշ բան եմ ուզում առաջարկել ձեզ, Վիկտորիա Պավլովնա,— ասաց նա շատ լուրջ կերպով և առանց շփոթվելու,— մի բան, որ մինչև այդ րոպեն ամենքին չէր սպասում իրենից։— Միայն մի պայմանով,— որ ինձ կլսեք բոլորովին հանգիստ կերպով և հանգիստ էլ կպատասխանեք— այո, կամ ոչ։
— Ես ձեզ չեմ հասկանում,— զարմացած ասաց Վիկտորիա Պավլովնան, ակամա դեմքը ետ քաշելով։
— Առաջարկս ահա թե ինչ է,— շարունակեց Խանբեգյանը,— համաձա՞յն եք իմ կինը լինելու։
Թեև Վիկտորիա Պավլովնան նրա տոնից և վարմունքից, ըստ երևույթին, ուրիշ բան չէր սպասում, բայց և այնպես այնքան շփոթվեց, որ պարզապես չիմացավ ինչ պատասխանի և միայն ապուշ֊ապուշ նայում էր նրա դեմքին։
— Ես, իհարկե, ջահել չեմ,— վրա բերեց Խանբեգյանը, այս անգամ արդեն շփոթվելով,— իմ տարիքը գուցե...
Ու չվերջացրեց, որովհետև Վիկտորիա Պավլովնան հանկարծ վեր կացավ և, առանց նայելու նրան, առանց ձայն-ծպտուն հանելու, սկսեց գլխարկը ծածկել։
Խանբեգյանը տեղնուտեղը քար կտրեց։
— Ես ձեզ վիրավորեցի՞,— թոթովեց նա։
— Ոչ։
— Հապա...
— Թույլ տվեք ինձ գնամ
— Առանց պատասխանելու։
— Առայժմ ոչ․․․ այս րոպեին ոչ...